13:25 , 28 մարտ, 2015Panorama.am-ը գրում է.
Դերասան Վարդան Պետրոսյանի գործով վերաքննիչ դատարանը չի բավարարել տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանի խնդրանքը՝ իր կողմից ներկայացրած վերաքննիչ բողոքը քննել վերաքննության կարգով և որոշել է բողոքի քննությունն իրականացնել վճռաբեկության կարգով: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Վ. Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ դերասան Վարդան Պետրոսյանի գործով վերաքննիչ դատարանում առաջին նիստը նշանակված է ապրիլի 1-ին: Վերաքննիչ բողոք է ներկայացրել և մեղադրող դատախազ Ա. Սարգսյանը՝ պահանջելով ավելի խիստ պատիժ նշանակել, և տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը՝ նույն պահանջով, ինչպես նաև ամբողջությամբ բավարարել տուժող Տաթևիկ Հակոբյանի առողջությանը պատճառված վնասի մասով ներկայացված հայցապահանջը:
Ն. Բաղդասարյանի ներկայացմամբ, այն դեպքում, երբ գործը քննվում է վերաքննության կարգով, եթե բողոքը ներկայացնողը հարգելի պատճառով չի ներկայանում դատական նիստի, նիստը պետք է հետաձգվի, իսկ վճռաբեկության կարգով քննելու դեպքում՝ նիստը չի հետաձգվի: Վերաքննության կարգով քննելիս՝ ապացույցներն են հետազոտվում, վճռաբեկության կարգով քննելու դեպքում՝ ոչ:
Ըստ նրա, վճռաբեկության կարգով քննելիս նույն վճռաբեկ դատարանի ընթացակարգն է գործում, այսինքն նիստի ընթացքում ներկայացվում է բողոքը, դատավորները կարող են հարցեր տալ կողմերին, այնուհետև հեռանալ խորհրդակցական սենյակ:
«Տուժողի ներկայացուցիչն իր բողոքով պահանջում էր երկարատև փորձաքննություն կատարել՝ պարզելու, թե ինչքան գումար է պետք Տաթևիկ Հակոբյանի բուժման համար: Իմաստ չուներ, քանի որ այդ հարցի պատասխանը ոչ թե դատական ընթացակարգով պետք է ստանային, այլ դիմեին Կարմիր խաչի հիվանդանոց, հետազոտվեր ու վաղուց արդեն պատասխանը կունենային, հատկապես որ գումարը վճարելու էր ոչ թե Վարդան Պետրոսյանը, այլ ապահովագրական ընկերությունը: Անիմաստ էին առաջարկվող ձգձգումները: Վերաքննիչ դատարանը հասկացել էր դա: Բողոքն ավելի շատ ուղղված էր նրան, որ ձգձգեին Վարդան Պետրոսյանի վերաբերյալ դատավարությունը, այլ ոչ թե կոնկրետ հարցի պատասխան տալ»,- ասաց Վ. Պետրոսյանի փաստաբանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ