«168 ժամ». Հարկային ստուգումներ և ակտավորումներ են սկսել հատկապես ՀՀԿ-ական պատգամավորներին պատկանող բիզնեսներում


08:46 , 28 մարտ, 2015

«Հարկային մարմինները վերջին շրջանում ինտենսիվ ստուգումներ են սկսել խոշոր ընկերություններում: Մի շարք փորձագետների կարծիքով՝ պատճառը տնտեսական տեսանկյունից բյուջե ավելի շատ մուտքեր ապահովելն է: Սակայն մի այլ հետաքրքիր օրինաչափություն է նկատվում՝ հարկային ստուգումներ և ակտավորումներ են սկսել հատկապես ՀՀԿ-ական պատգամավորներին պատկանող բիզնեսներում: Դեռ օրեր առաջ հարկային մարմինները ստուգումներ էին իրականացրել ՀՀԿ-ական պատգամավորներ Աշոտ Աղաբաբյանին և Հակոբ Հակոբյանին պատկանող բիզնեսներում և տուգանել նրանց:

Այժմ ստուգվում է Գարեգին Նուշիկյանին պատկանող «Նուշիկյան ասոցիացիան»: «Հարկ վճարողների պաշտպանություն» հ/կ-ի նախագահ Փայլակ Թադևոսյանը մեր թղթակցի հետ զրույցում փորձել է մասնագիտական տեսանկյունից վերլուծել այս երևույթը՝ մի կողմ թողնելով քաղաքական գնահատականները: «Որքան սպառումը նվազում է, այնքան նվազում է հարկման բազան, հետևաբար՝ հարկերի հավաքագրումը խնդիր է դառնում: Հարկերի հավաքագրման համար հարկային վարչարարություն ուժեղացնելու դեպքերում դժգոհությունները շատանում են, գործարարների մի մասը թողնում է երկիրը, ինչի հետևանքով՝ նորից սպառումը նվազում է, նորից հարկերի հավաքագրումը խնդիր է դառնում: Փակ շղթա է ստացվում: Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ճնշումներ են գործադրվում: Դժգոհությունները շատանում են, հիասթափությունները և մեկնումները՝ նույնպես»,- թերթի փոխանցմամբ ասել է Փ. Թադևոսյանը: