Life.Panorama.am-ի այսօրվա հյուրը դերասան Տիգրան Մնացականյանն է, ում հեռուստադիտողը ճանաչում է ֆիլմերից ու սերիալներից: Այժմ դերասանը նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության «Սիրո Գերի» հեռուստասերիալում՝ Բաբկեն Միրզոյանի դերում: Թե ի՞նչ կողմնակի աշխատանք ունի, ինչո՞վ չի գոհացնում դերասանին թատրոնը և ո՞րն է ընտանեկան սկանդալների պատճառը, հետաքրքրվեցինք նրանից:
-Տիգրան, բացի սերիալից, այլ զբաղվածություն ունե՞ք:
-Նկարահանվում եմ գեղարվեստական ֆիլմում, որը կոչվում է «Խառը-խշտիկ կինո»: Նաև մի քանի նախագծեր կան, որոնց մասին դեռևս խոսել չեմ կարող:
-«Խառը-խշտիկ»-ի փակագծերը մի փոքր կբացե՞ք:
-Ֆիլմը կոմեդիայի ժանրում է, ֆիլմ է ֆիլմի մասին: Ինքս իմ դերում եմ հանդես գալիս: Խաղընկերներս են Դավիթ Շոմսկին և սովորական մարդիկ: Ռեժիսորը Զորիկ Հովսեփյանն է, ով նաև նկարահանվում է ֆիլմում:
-Թատրոնում չե՞ք խաղում:
-Այժմ որևէ ներկայացման մեջ ընդգրկված չեմ: Ընդհանրապես, հստակ որևէ թատրոնում չեմ աշխատել, պարզապես հրավիրվել ու խաղացել եմ ներկայացումներում: Վերջին ներկայացումը եղել է նախորդ տարի:
-Իսկ ինչո՞ւ որևէ պետական թատրոնում չեք ընդգրկվում: Նորից պատճառը ցածր վարձատրությո՞ւնն է:
-Այո, շատ ցածր է աշխատավարձը: Ճիշտ է, հիմա մի քիչ բարձրացրել են, բայց միևնույն է, 60, 70, կամ 80 հազարի դիմաց անհնար է ամբողջովին թատրոնին նվիրվել: Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ հիմա մեր կյանքում գումարային խնդիրն ամենացավալի խնդիրն է: Շատ-շատ դերասանենր ստիպված են թատրոնում չխաղալ:
-Բայց ոչ միշտ է, որ դերասանները սերիալային զբաղվածություն ունեն, կամ նկարահանվում են ֆիլմում: Հարկադրված պարապուրդի դեպքում ինչպե՞ս եք վաստակում:
-Ես աշխատում եմ նաև մսամթերքի գործարանում:
-Կողմնակի աշխատանքը, որն արվեստի հետ ոչ մի ընդհանրություն չունի, չի՞ խանգարում դերասանին:
-Դերասանը ստիպված է կողմնակի աշխատանք ունենալ, այլ հնարավորություն չունի: Նաև համերգներ եմ վարում:
.jpg)
-Դերասաններից շատերը նաև թամադայությամբ են զբաղվում: Չե՞ք մտածում այդ ուղղությամբ:
-Մտածում եմ: Մի քանի առաջարկներ ունեմ, տեսնենք՝ ինչպես կլինի:
-Էկրանը հզոր ուժ ունի, բավական է մեկ վայրկյան երևաս էկրաններին, և հնարավոր է գործնական մի մեծ փաթեթ ստանաս, եթե, իհարկե, հեռուստադիտողը սիրի քեզ: Այդ ուժը զգացե՞լ եք:
-Իսկապես այդպես է: Նույնը չես ասի թատրոնի մասին, քանի որ այն սահմանափակ հանդիսատես ունի: Իսկ հեռուստատեսությամբ քեզ շատերն են տեսնում: Երբ նկարահանվում էի «Արմենիա» հեռուստաընկերության «Եզրագծից այն կողմ» հեռուստասերիալում՝ առաջարկ ստացա նկարահանվել «Poker.am»-ում, նաև մի քանի ֆիլմերի հրավերներ ստացա: Առաջարկներ շատ են լինում, բայց դրանց մի մասը ընդունել չի կարելի։
-Բայց շատ դերասաններ որակին ուշադրություն չեն դարձնում, մտածելով՝ մենք մեր գումարի տերն ենք, մնացածն իրենց խնդիրն է:
-Ես այդ տեսակին չեմ պատկանում: Երբ առաջարկ ստացա «Սիրո գերի» հեռուստասերիալից, միաժամանակ այլ հեռուստաընկերությունից ևս առաջարկ ունեցա: Ի դեպ, այնտեղ գումարն առավել բարձր էր: Բայց ես ընտրեցի այս պրոեկտը, այս կերպարն ինձ առավել շատ հետաքրքրեց: Եվ չեմ փոշմանել, ճիշտ քայլ արեցի:
-Ի դեպ, վերջերս խոսակցություններ տարածվեցին, որ վիրահատության եք ենթարկվել: Որևէ լուրջ բան կա՞ր:
-Ոտքս վիրահատեցի, գոյացություն կար, որը հեռացրեցին: Բայց ասեմ, որ վիրահատությունից երկու ժամ անց գնացել եմ նկարահանման հրապարակ:
-Առողջություն Ձեզ… Տիգրան, Ձեր կինը նույնպե՞ս դերասանուհի է:
-Ոչ, ֆլորիստ-դիզայներ Լիանա Առաքելյանն է:
