20:55 , 26 մարտ, 2015
Tert.am-ը գրում է.
Կարծում եմ, ճիշտ մոտեցում է, որ երկրի զարգացման առումով հայ-չինական հարաբերությունները պետք է առանցքային լինեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Արտակ Մանուկյանը` անդրադառնալով հայ-չինական հարաբերությունների զարգացմանը և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Չինաստան այցին:
«Աշխարհի գրեթե բոլոր երկրների մեծամասնությունը Չինաստանին այսօր այլ կերպ է վերաբերվում, որովհետև իր տնտեսական աճը, դերակատարումն աշխարհում գնալով մեծանում է»,- ասաց նա և այդ առումով մի քիչ ուշացած համարեց հարաբերությունների խորացմանն ուղղված մեր քայլերը, քանի որ շատ երկրներ ավելի կոնկրետ ու գործուն քայլեր են անում:
Տնտեսագետն ասաց, որ Չինաստանը պոտենցիալ ունեցող շուկա է, իսկ Հայաստանը նորամուծություններով կարող է գրավիչ դառնալ: Նա նկատեց, որ վերջին շրջանում մեր առևտրաշրջանառությունը դեպի Չինաստան ավելացել է: «Ներմուծման և արտահանման որոշակի աճը վկայում է, որ հայ-չինական հարաբերությունները դինամիկ զարգանում են, և հարցն այն է, թե դրանք որքան երկարաժամկետ ու շարունակական կլինեն: Այդ առումով ՀՀ Նախագահի այցի արդյունքում կնքված պայմանագրերը շատ լուրջ դերակատարում ունեն, սակայն չէի ցանկան դրանց դերը գերիշխող դարձնել»,- ասաց նա:
Չնայած դրան` Արտակ Մանուկյանը նկատեց, որ երբ ուսումնասիրում ենք դեպի Չինաստան մեր արտահանման կառուցվածքը տեսնում ենք, որ արտահանումը սահմանափակվում է նույն հանքահումքային ռեսուսներով և ներդրումներն էլ հենց այդ ոլորտներում են լինում:
«Օրինակ՝ գինին, ծիրանը հնարավորություն ունեն չինական շուկա մղվելու, սակայն ես ավելի քան վստահ եմ, որ նման կարգի առևտուրը տեղի կունենա միջնորդավորված»,- ասաց նա և պարզաբանեց, որ Ռուսաստանի Դաշնությունը շատ ավելի լավ է թիրախավորված այդ դիրքերում և մեր` Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից հետո տնտեսագետը հավանական է համարում, որ Հայաստանի և Չինաստանի հարաբերություններում ինչ-որ միջնորդավորվածություն լինի, ինչն` իր գնահատմամբ վատ է, որովհետև շահույթի ահագին մասի արտահոսք կլինի:
Հետևաբար, նա ցանկալի է համարում, որ կառավարությունն արտահանման տեսանկյունից`ոչ միայն հանքահումքային, այլ նաև գյուղատնտեսական մասով, Ռուսաստանից դուրս ծրագրեր իրականացնի: Ամեն դեպքում նա չի կարծում, որ Ռուսաստանը նպատակային քայլերով կփորձի խոչընդոտել հայ-չինական հարաբերությունների զարգացմանը, քանի որ Հայաստանը, եթե որևէ բան առաջարկի, դա կլինի ի լրումն, չի կարող փոխարինի նրան, ինչը որ Ռուսաստանն է առաջարկում:
Ինչ վերաբերվում է ներդրումներին, ապա տնտեսագետը նկատեց. «Հաշվի առնելով այն, որ Չինաստանի տնտեսությունը լրջագույն հավակնություններ ունի դառնալ թիվ մեկ տնտեսությունը, ապա ցանկալի կլինի, որ հայ-չինական կապերը խորացվեն, սակայն ներկա քաղաքականության պայմաններում մեր մրցակցային առավելությունները, որոնցով մենք պետք է ավելի գրավիչ լինեինք, քան օրինակ` Թուրքիան, ես չեմ տեսնում»։ Արտակ Մանուկյանը նշեց նաև, որ Կառավարության կողմից էլ Հայաստանն ավելի գրավիչ դարձնելու առաջանցիկ քայլեր չի տեսնում: