Նրա մանկությունն անցել է անհոգ՝ լի երգով


17:07 , 26 մարտ, 2015

 

Նրա մանկությունն անցել է անհոգ՝ լի երգերով, նա քայլում էր գնացքի գծերով ու հավաքում գծերին թափված քարերը: Նա կապոցով ուտելիք էր տանում արտում աշխատող իր հայրիկին ու ճանապարհին զրուցում սյան վրա թառած ծիծեռնակի հետ, պառկում էր կանաչ խոտերին ու, նայելով կապույտ երկնքին, սլանում էր դեպի տիեզերք: Նրա երգերը լի են բնության անաղարտ մաքրությամբ: Մեր բլոգը միշտ հետևում է այս երգչուհու գործունեությանը: 
Ալլան ստեղծագործել սկսել է դեռ մանկուց, ունի 60-ից ավելի ստեղծագործություններ: Նա առաջին լուրջ ստեղծագործությունը կատարել է 17 տարեկանում՝ «Արձագանք» ստուդիայում: Այս տարի երգչուհին նշում է իր բեմական գործունեության 20-ամյակը: Իր ստեղծագործական 20 տարիների ընթացքում երգչուհին թողարկել է 6 ձայնասկավառակ, նկարահանվել է մոտ 17 տեսահոլովակ: Նա ունեցել է բազմաթիվ մենահամերգներ Հայաստանում և արտասահմանյան երկրներում, մասնակցել բազմաթիվ մրցույթների և փառատոների, բարեգործական ակցիաների և կառավարական միջոցառումների: Ալլան վայելում է ժողովրդի սերն ու համակրանքը, իսկ նրա երգերից ավելի հիթային են «Հայաստան», «Հոյնար», «Սպարապետ», «Աղջկա երգը», «Մոկաց հարսներ» և այլն: Նա միշտ սպասված ու սիրված է հանդիսատեսի կողմից: Dilinews-ի հյուրասրահում կրկին զրուցում ենք Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի բարի կամքի դեսպան Ալլա Լևոնյանի հետ: 2014թ-ը Ա.Լևոնյանի համար եղել է բավականին բեղմնավոր, նկարահանվել է տեսահոլովակ Արման Աղաջանյանի հետ՝ «Իզուր» երգի հիման վրա, որը միանգամից սիրվեց հանդիսատեսի կողմից: Այս տեսահոլովակում Ալլա Լևոնյանը ներկայացավ նոր կերպարով, իսկ 2014 սեպտեմբերին կայացավ «Ճանապարհ 20 տարի բեմում» խորագրով մենահամերգ Երևանի Ալեքսանդր Սպենդարյանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում: Նույն ամսին Ալլա Լևոնյանին սպասում էր Լոնդոնի հանդիսատեսը, որտեղ նա ևս կայացավ մենահամերգ: 2015թ-ից համացանցում բացվել է երգչուհու ֆեյսբուքյան պաշտոնական էջը, որտեղ նրա արվեստի գնահատողները կարող են մոտիկից տեղեկացված լինել նրա գործունեությանը: Իսկ մեր հարցին, թե ինչն Ալլային բերեց դեպի facebook.com սոցիալական կայք, երգչուհին նշեց. «Իմ ակումբի տղաները, իմ երկրպագուները, ընկերները»: «Ես առանձնապես չեմ սիրում շփվել նամակագրական, էլեկտրոնային, ես սիրում եմ դեմ առ դեմ խոսել, պայմանավորվել, հասկանալ»,-նշեց երգչուհին: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր երկրպագուներին, ընկերներին՝ իր ֆեյսբուքյան էջի նորություններին հետևելու համար՝ հանձին Արտակ Աղաջանյանի, ով մեծ դեր ունեցավ Ալլայի ֆեյսբուքյան էջի պատրաստման մեջ: Մարտի 21-ին Ալլա Լևոնյանը մասնակցել է երգի մրցանակաբաշխությանը որպես ժյուրիի անդամ և առաջին անգամ գործիքավորված տարբերակով հանրությանը ներկայացրեց «Բարև» հեղինակային երգը, որն ընդունվեց հոտնկայս: «Ինչ մրցութների և փառատոնների եք մասնակցել մինչ այսօր, ինչ մրցանակների եք արժանացել և ում կողմից» հարցին երգչուհին պատասխանեց, որ հիշելը շատ բարդ կլինի, որովհետև և՛ արտասահմանում, և՛ Հայաստանում շատ-շատ մրցանակներ է ստացել:
«Մի քանի մրցանակ  Armenian Music Award-ից, ԱՄՆ-ում և այլ երկրներում ևս արժանացել եմ մրցանակների, հատկապես Փարիզում ջազային փառատոնին մասնակցությունը, որ միայն ես էի ներկայացնում մեր երկիրը: Իսկ Հայաստանում ստացած մրցանակների քանակն ուղղակի չեմ հիշում: Արժանացել եմ պաշտպանության նախարարության պատվոգրերին, ստացել եմ ոսկե մեդալներ Ֆ.Նանսենի անվ. հիմնադրամի և մշակույթի նախկին նախարար Ռոլանդ Շարոյանի կողմից»,-ասաց Ա.Լևոնյանը: Ալլան զբաղվում է  նաև հասարակական ակտիվ գործունեությամբ, երեք անգամ վերընտրվել է ոստիկանությանը կից հասարակական խորհրդում, երիտասարդ կանանց հիմնադրամի անդամ է, իսկ 2006թ –ից հարավկովկասյան տարածաշրջանում առաջինը դարձել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի բարի կամքի դեսպան: Այնտեղ նա ծավալում է իրավական, առողջապահական գործունեություն, որը կապված է երեխաների հետ: Երգչուհին նշեց, որ նա մասնակցել է բազմաթիվ ակցիաների, հաճախում է հիվանդանոցներ, մանկատներ, մասնակցում է յոդացված աղի օգտագործման համար տարվող աշխատանքներին: Բարի կամքի դեսպանի կարգավիճակում եղել է նաև Ռուսաստանում, ԱՄՆ-ում և այլ երկրներում: Ապրիլին երգչուհին կմեկնի Ուկրաինա և հույս է հայտնեց, որ «Բարև» երգը կունենա նաև տեսահոլովակ: Այս տարվա ընթացքում լույս կտեսնի նրա «Ճանապարհ 20 տարի բեմում» մենահամերգի տեսաերիզը CD և DVD տարբերակներով: Այլ մանրամասներ երգչուհին չհայտնեց:
Զրույցի վերջում նա Տավուշ աշխարհի բնակիչներին և թերթին մաղթեց հետևյալը. «Ինչ կարող եմ ասել: Հրաշալի տարածք է՝ հրաշալի բնությամբ, բարի և աշխատասեր մարդկանցով, ես շատ կուզեի, որ ոչ մեկը հոգս չունենար: Կցանկանայի, որ նրանք միշտ ուրախ ու երջանիկ ապրեին, բալիկներ ունենային: Թերթին էլ մաղթում եմ կանաչ ճանապարհ, որ ավելի հանրաճանաչ լինի, ավելի կատարելագործվի: Ես ուզում եմ, որ բոլոր իմ երկրպագուները, ընկերներս միշտ ինձ հետ լինեն, որ ոչ մեկին չկորցնեմ, որ բոլորը ժպտան, ունենան շատ-շատ ծաղկած գարուններ: «Գնամ հեռու ճամփաներով, հասնեմ սարերին…» երգով մարդիկ կհասկանան իմ էությունն ու խոսքը»: