Ենթադրենք մի զգալի հատված հրաժարվեց մուծել վարկերը. հետո՞


14:45 , 26 մարտ, 2015

Նոր շատ պատահաբար հանդիպեցի Նախախորհրդարանի՝ քաղաքացիներին ուղղված կոչը: Քիչ էի տեղյակ սույն կառույցի գործունեությունից, բայց բանկերի առջև պարտավորություն չկատարելու կոչը շատ տարօրինակ է: Ինչպե՞ս չմուծես վարկերը: Ի՞նչ են առաջարկում անել մարդկանց: Մարդիկ վարկով տուն, մեքենա, տեխնիկա ունեն վերցրած: Բա եթե չմուծեն ու հայտնվեն պատժամիջոցների տակ, ո՞վ դրա համար պատասխան կտա: Այսօր ցանկացած քաղաքացի գիտի, որ բանկերի հետ խաղ անել չի կարելի: Ընդ որում ռեժիմի դեմ պայքարում սա թերևս անարդյունավետ միջոց է, քանի որ բանկային սիստեմը Սերժ Սարգսյանը չի ներդրել: Բանկերն այսօր կառավարում են աշխարհը, և վայն եկել է ու տարել նրան, ով դուրս կգա այդ հզորազոր համակարգի դեմ: Անձամբ ես նույնպես վարկեր ունեմ մուծելու ու չեմ էլ ուզում պատկերացնել, թե չմուծելու դեպքում ինչ վիճակում կհայտնվեմ: Ենթադրենք մի զգալի հատված հրաժարվեց մուծել վարկերը: Հետո՞: Հետո, մարդկանց ձեռներից կառնեն ամեն ինչ: Վերջը՞: