«Մայրիկիս ներդրումը շատ մեծ է ուսմանս մեջ. նրա շնորհիվ եմ սիրել սովորել». Վիկտորյա («Ամենախելացին» նախագծից)


12:23 , 26 մարտ, 2015

Ամենախելացին» նախագծի առաջին թողարկման ժամանակ կիսաեզրափակիչ անցած միակ աղջիկ մասնակիցը Վիկտորյա Մուրադյանն է։ Վերջինս BlogNews.am-ին պատմել է տպավորությունների, առօրյայի, հետաքրքրությունների մասին։

Վիկտորյան ասաց, որ ֆիզիկայի ուսուցչուհու հորդորով է մասակցել նախագծին։ «Նախնական փուլում ինձ համար ամենաբարդն առաջին՝ գրավոր պատասխանների փուլն էր, քանի որ ավելի հեշտ պատասխանում եմ բանավոր հարցերին»,- ասաց 8-րդ դասարանի աշակերտուհին, ով երազում է գիտնական դառնալու մասին։ «Հավանաբար կընտրեմ ճշգրիտ գիտությունները, քանի որ ֆիզիկան բացատրում է  անբացատրելին, եթե մարդը ֆիզիկա իմանա, իր մոտ մութ կողմեր գրեթե չեն մնա»,- ասաց նա ու հավելեց, որ դպրոցում ամենից շատ սիրում է ֆիզիկա, երկրաչափություն, հանրահաշիվ, քիմիա, կենսաբանություն առարկաները, քանի որ դրանք գործնական աշխատանքն են ենթադրում։ «Ես գնում եմ տուն ու սկսում եմ զարմանահրաշ փորձեր անել»,- նկատեց նա։

Վիկտորյան գնում է երաժշտական դպրոց, որտեղ սովորում է դաշնամուրի բաժնի 7-րդ դասարանում և Թումո նորագույն տեխնոլոգիաների կենտրոն։ Նա նշեց, որ շատ է սիրում համակարգչային խաղեր, սակայն մայրիկը միշտ վերահսկում է, որպեսզի չափը չանցնի:)

«Մայրիկիս ներդրումը շատ մեծ է ուսմանս մեջ. նրա շնորհիվ եմ սիրել սովորել։ Երեք տարեկանում ես արդեն կարողացել եմ գրել,- ասաց նա ու հայտնեց, որ բոլոր դասերը  պատրաստում է 1 ժամում։ -Շատ արագ եմ գրում, ուղղակի ձեռագիրս է մի քիչ վատը։ Ես միշտ շտապում եմ, դա ինձ համար բնականոն վիճակ է դարձել։  Սկզբնական շրջանում  դրա արդյունքում շատ էի սխալվում, հիմա արդեն ոչ»։

Անդրադառնալով «Ամենախելացին» նախագծին՝ Վիկտորյան ասաց, որ առաջին փուլը հեշտ էր, իսկ երկրորդ փուլում, երբ 60 վայրկյանի ընթացքում պետք է պատասխաներ հնարավորինս շատ հարցերի, ինքը սխալ ընտրություն արեց՝ ընտրելով կինոն։ «Ենթադրում էի, որ հարցերը ժամանակակից ֆիլմերից կլինեն։ Կարծում եմ՝ եթե թեմային լիարժեք տիրապետեի, արագությունն ինձ չէր խանգարի։ Առաջին փուլից հետո հասկացա, որ պետք  է ընտրել այն թեման, որը լավ գիտես, միևնույն ժամանակ, ստրատեգիական քայլ անել՝ ընտրելով այն թեման, որն ամենաշուտը կվերցնեն մյուսները։ Այսպիսով՝ ես ոչ միայն շատ միավորներ կունենամ, այլև մյուսների շանսերը քիչ կլինեն»,- ասաց նա ու հավելեց, որ նախագծի շրջանակներում շատ բան է սովորել։

Վիկտորյայի փոխանցմամբ՝ հաջորդ փուլ անցած 5 մասնակիցների հետ արդեն ընկերացել է, սակայն մրցակցությունը մնում է մրցակցություն։ «Յուրաքանչյուրը, ով հասել է այս փուլ, ինձ համար մրցակից է։ Մասնակցությունն իհարկե բավարար է, սակայն հաղթել ուզում է յուրաքանչյուրը։ Կարծում եմ՝ հաղթելու համար պետք է կարողանալ խաղ խաղալ։ Ի վերջո, սա խաղ է, պետք է լինել տեմպի մեջ, ստրատեգիական ճիշտ քայլեր անել»,- նկատեց նա։

Ըստ Վիկտորյայի՝ ինքն էլ, ընկերներն էլ ապշած էին, որ չի անցել երրորդ փուլ. «Բոլորի կարծիքով ես ավելին կարող էի, ուղղակի սխալ թեմայի ընտրությունն ինձ խանգարեց։ Ամեն դեպքում ընկերներս ինձ ոգևորությամբ ընդունեցին»։

Ինչ վերաբերում է իր ընկերական շրջապատին՝ աղջնակն ասաց, որ կարող է ընկերություն անել ամենավատ սովորող աշակերտի հետ։ «Ինձ համար  առաջնայինն այն է, որ այդ ընկերն ինձ հետ անշահախնդիր շփվի, ոչ թե որովհետև ես կօգնեմ իրեն գրավորների ժամանակ։ Նման բաներ շատ են եղել։ Ընկերներ շատ ունեմ, սակայն ամենամտերիմ ընկեր նշել չեմ կարող, քանի որ ավելի շատ նեյտրալ անձ եմ»,- ասաց նա։

Զրույցի վերջում Վիկտորյան շեշտեց, որ կան խելացի շատ երեխաներ, ովքեր կարող էին մասնակցել նախագծին, սակայն նույնիսկ չեն գրանցվել, քանի որ վախենում են հասարակական կարծիքից։ «Բոլորին խորհուրդ եմ տալիս մասնակցել երկրորդ եթերաշրջանին, քանի որ կարևոր չէ, թե ով  ինչ է մտածում նրանց մասին»,- եզրափակեց Վիկտորյան։

Ամալյա Հովհաննիսյան