Ահագին ժամանակ է` հանրահավաք չի արվել, ժողովուրդը կարոտել է


09:53 , 26 մարտ, 2015

Ինձ թվում էր՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կատաղած կգա ու հանրահավաք կանի: Քանի ուրբաթ անցավ, ժողովրդի աչքը ջուր կտրեց հուսալքված ու անտեր սպասելիս…
Րաֆֆիի այցելությունների գրաֆիկից պարզ դարձավ, որ ավելի բազմազբաղ է, քան Պուտինն ու Օբաման:
Ի՞նչ անենք բա… Դեմը «գյոզալ» ուրբաթ օր կա, ահագին ժամանակ է՝ հանրահավաք չի արվել, ժողովուրդը կարոտել է, կարոտից չորացել…Հակառակի պես եղանակն էլ չքնաղ ու աննման, իսկը հանրահավաքային:
Չբռնե՞մ ես հանրահավաք անեմ, մեկ ա քաղաքական կյանքն ամլացած, վակուումային վիճակում է: Ինչպես նրանք` ինձ հայտարարեմ համազգային, չէ շատ կլինի համաժողովրդական Նոր շարժման ղեկավար: Մի քանի կատաղած, թունոտ հայտարարություններ, առաջարկներ կանեմ, շարժման նշանաբանը կլինի. «100-ամյակն առանց Ժիրոյի, Չունգա-Չանգա-սզյանի, խզմարիկների»: Ցեղասպանության ուղերձից չեմ խոսա, որ 1-ին նախագահը չնեղանա, թունդ կքննադատեմ` հանքավայրերի թալանից կխոսեմ, արագաչափերից, կուտակայինից, կոռուպցիայից ու արտագաղթից պարտադիր: Իհարկե, կիսահայհոյախառն ու մի քանի «հավաստի» վիճակագրական տվյալներով համեմված, մեկ է, թվերն ինչպես ուզես՝ կարաս մեկնաբանես:
Լավ էլ կստացվի… Հանդիպման վայրը նույնն է` Թատերական հրապարակ, հանրահավաքը կանցկացնի Նոր համաժողովրդական շարժում կազմակերպությունը… ՆՀՇ, երբեք չշփոթել ՀՀՇ-ի հետ…
Նիկոլ ջան, չնեղանաս, «գործիդ» խփեցի… Էլ ի՞նչ ինստիտուտուցիոնալ, մինչև ասում ես այդ բառը, լեզուդ ջարդվում է, հետո որոշեցի՝ քեզանից առաջ անցնեմ: Սուրբ տեղը դատարկ չի մնում…