Opportunity-ն մարաթոնյան տարածություն է անցել և շարունակում է մարսյան իր ոդիսականը. NASA


06:54 , 26 մարտ, 2015

Lurer.com–ը գրում է.

Opportunity վետերան մարսագնացը մարտի 25-ին նշանակալից նշագիծ է հաղթահարել. ընդհանուր առմամբ այն Մարսի մակերևույթի վրա անցել է 42,19 կիլոմետր՝ օլիմպիական մարաթոնյան մրցատարածություն, և շարունակում է իր մարսյան ոդիսականը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի մամուլի ծառայությունը:

«Անշուշտ, մեր առաքելության գլխավոր նպատակը նոր հայտնագործություններն են Մարսի մակերևույթին և աշխատանքը՝ որպես Կարմիր մոլորակ նոր զոնդերի և օդաչուավոր թռիչքների համար ոգեշնչման աղբյուր»,- հայտարարել է Opportunity ծրագրի գիտական ղեկավար Սթիվ Սքվայրեսը Քոռնելյան համալսարանից:

Մարտի լույս 25-ի գիշերը, ինչպես հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը, մարսագնացն անցել է 42 կիլոմետր 195 մետրի նշագիծը: Opportunity-ի այս մարաթոնյան մրցահերթի համար պահանջվել է ավելի քան 11 տարի, ինչն զգալիորեն ավելի է աշխատանքի այն երեք ամսվանից, որ սկզբնապես դրվել էր ծրագրում:

NASA-ն փորձագետների գնահատումներով՝ այժմ մարսագնացը գտնվում է գերազանց վիճակում, և հիշողության նորոգումից և նոր գործառնական համակարգի բեռնումից հետո այն կարող է ամբողջ ծավալով շարունակել դիտարկումները, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: