«Թալիբանը» դեմ է արտահայտվել Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության պահպանմանը


04:55 , 26 մարտ, 2015

Lurer.com–ը գրում է.

«Թալիբան» շարժման ղեկավարությունը հանդես է եկել Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության պահպանման դեմ: Ինչպես հայտարարել է շարժման ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը, այդ որոշումը բացառում է Քաբուլի հետ հաշտության բանակցությունների հնարավորությունը, տեղեկանցնում է «Արմենպրես»-ը:

«Ամերիկյան ռազմական ներկայության պահպանումը բացասաբար կազդի հաշտության բանակցությունների վրա,- ընդգծել է նա:- Բարաք Օբամայի հայտարարությունը Վաշինգտոնի պատասխանն է հաշտության գործընթացին: Այն լիովին ջնջում է հաշտության հասնելու գոյություն ունեցող բոլոր հնարավորությունները»:

Իր հերթին, այցով ԱՄՆ-ում գտնվող՝ Իսլամական Հանրապետության նախագահ Աշրաֆ Ղանի Ահմադզայն ավելի վաղ հայտարարել է, որ թալիբների հետ բանակցությունները «ժամանակի ընթացքում արդյունքներ կբերեն»: Աֆղան փորձագետները խոսում են ազգային երկխոսության լիակատար ձախողման մասին՝ Աֆղանստանից իր զորքերի դուրսբերումը դանդաղեցնելու ԱՄՆ-ի նախագահի որոշումից հետո:

Նախօրյակին Օբաման և Ահմադզայը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասված է, որ ԱՄՆ-ն Աֆղանստանում իր զորքերի թվաքանակը չի կրճատի մինչև ընթացիկ տարվա վերջը. այն կմնա ներկայիս մակարդակում՝ 9,8 հազար մարդ, իսկ «2016 թվականին զորքերի դուրսբերման տեմպերը կորոշվեն այս տարվա ընթացքում ավելի ուշ»:

Սպասվում է, որ մինչև 2016 թվականի վերջն այդ երկրում տեղաբաշխված ամերիկացի բոլոր զինծառայողները «կկենտրոնացվեն Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանատան տարածքում», նշվում է փաստաթղթում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մինչև 2015 թվականի վերջը Աֆղանստանում պետք է մնան 5,5 հազար ամերիկացի զինծառայողներ:

2011 թվականին Աֆղանստանում ԱՄՆ-ի զորակազմը ներառում էր 101 հազար մար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: