Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության բանաձևը խուճապ է առաջացրել Թուրքիայում


03:27 , 26 մարտ, 2015

Lurer.com–ը գրում է.

ԱՄՆ ներկայացուցիչների պալատում վերջերս կրկին ներկայացված «Հայոց ցեղասպանության արադարության և ճշմարտության» բանաձևի օրինագիծը խուճապ է առաջացրել մեր հարևան Թուրքիայում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Hurriyet Daily News պարբերականից, մի շարք թուրք քաղաքական գործիչներ մեկնել են Վաշինգթոն, որտեղ հուսահատ փորձ են կատարելու կանխել բանաձևի ընդունումը ԱՄՆ օրենսդիր մարմնում:

Թուրքական պարբերականը հայտնում է, որ Թուրքիայի մեջլիսի խոսնակ Ջեմիլ Չիչեքն արդեն մեկնել է Վաշինգթոն: Ակնկալվում է, որ մարտի 25-ին նա կհանդիպի ԱՄՆ ներկայացուցիչների պալատի իր գործըկերոջը:

Բացի այդ, մինչ ապրիլի 24-ը ԱՄՆ մայրաքաղաք է նախատեսում այցելել նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանջու Բիգլիչի հայտարարության համաձայնˋ պաշտոնական Անկարան և Վաշինգթոնը նախանական պայմանավորվածություն են ձեռք բերել այդ կապակցությամբ, սակայն այցի հստակ օրը դեռ հայտնի չէ:

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ռոբերտ Դոլդը, Ադամ Շիֆը, Դեյվիդ Վալադոն, Ֆրենկ Փալոնը և ևս 40 կոնգրեսական մարտի 18-ին Կոնգրեսում ներկայացրեցին «Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության բանաձևը», որում կոչ է արվում ԱՄՆ նախագահին հայ-թուրքական հարաբերությունները հիմնել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վրա: ԱՄՆ Հայ դատը ողջունել է բանաձևի մշակումը: