Ի՞նչն է միավորում կոշիկին, պարսիկ զբոսաշրջիկին և Արտակ Շաբոյանի նման չինովնիկներին


17:00 , 26 մարտ, 2015

Շաբաթվա իրադարձային նորություններից էին պարսիկների սարսափած կարծիքները երևանյան գներից և Արտակ Շաբոյանի հարցուպատասխանն ԱԺ-ում: Առհասարակ Արտակ Շաբոյանը մարմնավորում է այն չինովնիկների լայն զանգվածը, որոնց իրենց պաշտոններում հեշտությամբ կփոխարիներ իմ աջ կոշիկը, արդյունքում ավելի վատ իրավիճակը չէր դառնա: Նայում եմ այդ չինովնիկներին, և իմ մեջ ալեկոծում է կապիտալիստը. ես ափսոսում եմ, որ իմ վճարած հարկերի հաշվին նրանք օր են մթնեցնում իրենց գրասենյակներում՝ չանելով ոչինչ:

Արտակ Շաբոյանը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարեց, որ Հայաստանում խոշոր ընկերությունները փոքրերին չեն ճնշում, և գերիշխող դիրք ունենալը վատ բան չէ, և դրա շնորհիվ գործում է մասշտաբի էֆեկտը՝ խոշոր ներմուծողներն ավելի էժան են ձեռք բերում ապրանքները: Արքիմեդը կենդանի լիներ կգոչեր ԷՎՐԻԻԿԱ!: Դե արի ու բացատրի մեր թաղամասի կրպակով ընտանիք պահող կրպակատերերին, որ Երևան Սիթին իրենց չի ճնշում: Դե արի ու բացատրի միջին ստատիստիկ բջջային հեռախոսից և ինտերնետից օգտվողին, որ մոնոպոլիան ունի դրական կողմեր: Նրա մոտ դեռևս թարմ է այն հիշողությունը, թե ինչ էր տիրում շուկայում, երբ ArmenTel-ն ուներ մենաշնորհային/գերիշխող դիրք շուկայում, և ինչ զարգացումներ եղան, երբ վերջինս կորցրեց այդ դիրքերը շուկայում: Դե արի ու բացատրի ամսական 30,000 ՀՀ դրամ թոշակ ստացող քաղաքացուն մասշտաբի էֆեկտի էֆեկտը, երբ վերջինս 1կգ շաքարավազը գնում է 390 ՀՀ դրամով, իսկ վրացի թոշակառուն՝ 260 ՀՀ դրամին համարժեք գումարով:

Պարսիկ զբոսաշրջիկներն էլ կարծես թե չեն ընկալում Արտակ Շաբոյանի մասշտաբի էֆեկտի էֆեկտը և զարմանում են երևանյան բարձր գներից: Սակայն պարսիկ զբոսաշրջիկներն ունեն այլընտրանք՝ հեռանալ Հայաստանից և այլևս ետ չվերադառնալ: Ցավոք սրտի և միևնույն ժամանակ բարեբախտաբար, ոչ բոլոր ՀՀ քաղաքացիներին է ընձեռված այդ այլընտրանքը: Նրանք ստիպված են երրորդ աշխարհի երկրներին հատուկ ցածր եկամուտներով գոյատևել Եվրոպական բարեկեցիկ երկրների գներին մոտեցող շուկայի պայմաններում:

Բուն Արտակ Շաբոյանի բեղմնավոր գործունեության արգասիքը ցայտուն երևում է կից ներկայացվող Համաշխարհային Բանկի գրաֆիկական պատկերում, համաձայն որի՝ ՀՀ տնտեսությունն ամենամոնոպոլիզացվածն է Եվրոպայում և նախկին ԽՍՀՄ տարածքում: Հայաստանյան բարձր գներն ուղղակիորեն պայմանավորված են այն հանգամանքով, որ տնտեսության գրեթե 20%-ը մենաշնորհային է, մոտ 5 տոկոսը դուոպոլիա է, մոտ 35 %-ը՝ օլիգոպօլիա է (որից, ի դեպ, ծագել է մեր սիրելի «օլիգարխ» բառը): Բայց Արտակ Շաբոյանի բենեֆիսի գագաթնակետն էր շաքարավազի և վերջինիս ՀՀ-ում արտադրության մասին հայտարարությունը: Պոպուլիստներից բողոքող պաշտոնյայի պարզաբանումները շաքարավազի շուկայի վերաբերյալ, մեղմ ասած, ժպիտ առաջացրեցին: Խնդրում եմ համեմատել Ն. Փաշինյանի՝  2014 թվականի մայիսի 16-ի ելույթը և պարոն Շաբոյանի այսօրվա պարզաբանումը շաքարի շուկայի վերաբերյալ:

Ն. Փաշինյանի՝ 2014 թվականի մայիսի 16-ի ելույթը՝

Ա. Շաբոյանի՝ այսօր հնչեցրած պարզաբանումը՝

Ի՞նչ ասեմ: Կեցցե մասշտաբի էֆեկտը: