GalaTV.am-ը գրում է.
Haqqin.az պորտալին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին եւ ասել. «Ինչպե՞ս կարելի է լուծել Ղարաբաղյան հիմնախնդիրը: Եթե Ղարաբաղը վերադարձվի Ադրբեջանին, կվիրավորվեն հայերը: Եթե ճանաչվի ներկայիս ստատուս-քվոն, կվիրավորվեք դուք: Ես առաջարկում եմ երրորդ տարբերակը. կարելի է Ղարաբաղը հայտարարել Մոսկվայի վերահսկողության ներքո»:
Արդեն երկրորդ անգամ է՝ Վլադիմիր Ժիրինովսկին նման հայտարարությամբ է հանդես գալիս, առաջին անգամ անցած տարի՝ ճիշտ այս օրերին:
Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումն ու արձագանքն անփոփոխ է մնացել: ԼՂՆ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց՝ Արցախում ապրող ժողովուրդն արդեն իսկ իր ընտրությունը կատարել է:
Արցախում հարգում են, բայց անընդունելի են համարում Ժիրինովսկու անձնական կարծիքը:
«Դա իր անձնական կարծիքն է, եթե իհարկե նման բան ասել է եւ ադրբեջանական ԶԼՄ-ների փոխակերպումները չեն»,- ասաց Բաբայանը:
Իսկ Վ. Ժիրինովսկու անձնական կարծիքին Դ. Բաբայանն այնքան էլ լուրջ չի վերաբերվում, չի կիսում նաեւ այն տեսակետը, թե վերջինս ընկալվում է որպես Կրեմլի խոսնակ՝ ոչ պաշտոնական մակարդակով.
«Ինքը չի ընկալվում նաեւ ոչ պաշտոնական խոսնակ, որովհետեւ դրա կարիքը չկա:
Կա պաշտոնական Կրեմլի խոսնակ եւ կարծիքը տարածողներ, ուղղակի սա Ժիրինովսկու անձնական կարծիքն է: Որ նման բան է ասում, ինչ… Ալիեւն էլ անընդհատ ասում է, որ՝ Երեւանում ենք չայ խմելու, դա չի նշանակում, որ դա այդպես է»:
Պաշտոնական Ստեփանակերտը մերժելի է համարում նաեւ նույն ռուս քաղաքական գործչի կողմից առաջարկված հակամարտության լուծման տարբերակը՝ խաղաղապահ ուժերի տեղակայման ճանապարհով:
«Հակամարտության լուծում կա հարցին: 20 տարի է մենք այդ լուծման մասին խոսում ենք: Ադրբեջանը պետք է ուղղակի ճանաչի ԼՂՀ-ն, եւ մենք էլ փոխադարձ ճանաչենք Ադրբեջանը որպես պետություն, եւ խաղաղ ձեւով բոլոր հարցերը կլուծվեն, վերջ»:
Արցախի նախագահի մամլո խոսնակը խոսեց նաեւ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին: ԳԱԼԱ-ի այն հարցին, թե արդյոք Ս. Սարգսյանի կողմից այս հարցի ուշացած բարձրաձայնումից հետո՞ չէր, որ որոշեցին Ժիրինովսկու բերանով պատասխանել եւ խոսել Արցախը Մոսկվայի վերահսկողության ներքո պահելու մասին, մամլո խոսնակը չհամաձայնեց: Դ. Բաբայանը կրկնեց, որ Վ. Ժիրինովսկու կարծիքը ոչ մի կապ չունի պաշտոնական Մոսկվայի դիրքորոշման հետ եւ սխալ կլինի հարցին այդ հնչեղությունը տալ:
Նա փոխարենը խոսեց Ադրբեջանին զենք վաճառելու պաշտոնական Մոսկվայի շարունակվող ծրագրերից:
«Մենք իհարկե չենք կարծում, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, զենք վաճառելով Ադրբեջանին, փորձում է հակահայկական ինչ-որ քայլեր կատարել, բայց Ադրբեջանը փաստորեն այս իրավիճակում խորամանկություն է ցուցաբերում, ստորություն՝ առաջին հերթին Ռուսաստանի նկատմամբ: Հատուկ գնում է այդ զենքը, որ նաեւ այդ զենքի գնմամբ սեպ խրի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Ռուսաստանը նույնպես սրանից հետեւություններ պետք է անի, որ արդեն գալիս է մի սահման, երբ բացեիբաց երեւում է»:
Ըստ պարոն Բաբայանի՝ Ռուսաստանը պետք է վերանայի իր քայլերը եւ եթե շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին, ապա պետք է պայման դնի:
«Ես հիմա առավել քան, ավելի քան վստահ եմ, որ դրա անհրաժեշտությունը կա. զենքը վաճառելով՝ Ռուսաստանը, լինելով մեր ռազմավարական դաշնակից, պետք է անպայման ընդգծի, որ զենքը չպետք է Հայաստանի դեմ օգտագործել:
Այլապես կրկնում եմ, Բաքուն դիտավորյալ ռուսական զենք է գնում՝ իբրեւ թե բիզնես գործարքներ է անում, եւ ամենավտանգավորն այն է, որ փորձում է սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ»:
