17:40 , 25 մարտ, 2015«Twins Plus» (թարգմանաբար՝ երկվորյակներ պլյուս) փառատոնը նվիրված է զույգերին, եռյակներին, քառյակներին և այդպես շարունակ։ Այս փառատոնը մեկնարկեց Մելբուրն քաղաքում մարտի 22-ին, և բնականաբար դրան մասնակցում էին բազմաթիվ երկվորյակներ, եռյակներ և այլ այսպես ասած բազմակի ծնունդներ։ Փառատոնի մասնակիցների ընդհանուր թիվը հատում էր 3000-ի սահմանը։

«Twins Plus»-ի ամենանշանավոր հյուրերից էին Ֆլորենս Ուելշը, Բեթսին ու Դորոթին։ Նրանք Ավստրալիայի ամենատարեց եռյակներից են։ Ֆլորենսը պատմել է, որ պատկերացնել անգամ չի կարող իր կյանքն առանց իր քույրերի։
Առանց իմ քույրերի կյանքը սարսափելի կլիներ։ Մենք շատ մտերիմ ենք, այնքան մտերիմ, որ միշտ ավարտում ենք իրար սկսած նախադասությունները։

Ֆառատոնի շրջանակներում անցկացվում էին զանազան միջոցառումներ՝ նորաձևության ցուցադրություն, զույգերի կողմից իրականացվող տարբեր հնարքների ներկայացում ու թատերական բեմադրություններ և այլն։ Այս տարի «Twins Plus»-ը ծառայեց նաև գիտության զարգացմանը։ Միջոցառմանը ներկայացած գիտնականները հավաքագրում էին կամավորների, ովքեր պատրաստակամ էին մասնակցել նրանց հետազոտություններին։
«Զույգերի գրանցամատյան» կազմակերպության պրոֆեսոր Ջեֆ Քրեյգը նշել է, որ գիտնականները ողջ օրը ոտքի վրա են եղել՝ փորձելով ավելի ու ավելի շատ մարդ ցուցակագրել, ինչպես նաև տեղում հարցումներ անցկացնել։

Նոր Հարավային Ուելսի բնակիչներ Ստյուարթ ու Ֆիլիպ Դենիելները 4-րդ անգամ են մասնակցում այս ամենամյա միջոցառմանը։ Նրանք տարբեր երկրներում անցկացվող երկվորյակների փառատոններին մասնակցելու մեծ փորձ ունեն։ Միջոցառման օրը տված հարցազրույցի ընթացքում նրանք ասել են. «Այստեղ հավաքված բոլոր երկվորյակներս այնքան շատ ընդհանրություններ ունենք։ Մենք կարող ենք իրար հետ կիսվել մեր կյանքի պատմությամբ»։

Հատկանշական է, որ փառատոնի խոսնակ Քերին Ուիլեթսը ևս երկվորյակների մայր է։ Նրա դստրերը 13 տարեկան են։ Նա ասել է, որ թեպետ սա ժամանցային միջոցառում է, այն նաև բարեգործական գործառույթ է կատարում, քանի որ այն միտված է ոչ միայն ուրախ ժամանակ ապահովել երկվորյակների ու նրանց ընտանիքների անդամների համար, այլև աջակցել այն ընտանիքներին, որոնցում երկվորյակներ կամ եռյակներ են ծնվում։

Հարցազրույցի ընթացքում նա նշել է.
«Այն ընտանիքները, որտեղ այսպես ասած երկվորյակներ պլյուս են ծնվում, կարող է դժվար լինել։ Նրանք կարող են բախվել ֆինանսական խնդիրների, ավելի սուր միջանձնային կոնֆլիկտների ու կրթական բարդությունների։ Մենք ցանկանում ենք, որպեսզի երկվորյակների, եռյակների ու քառյակների ընտանիքները գիտակցեն, որ մենք պատրաստ ենք աջակցել նրանց. նրանք միայնակ չեն»։
