15:45 , 25 մարտ, 20151in.am-ը գրում է.

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) քաղաքական փորձագետ Կոնրադ Զաշտովտը:
-Պարո՛ն Զաշտովտ, Եվրամիությունը Արևելյան գործընկերության շրջանակներում ԱԼԳ անդամ երկրներին առաջիկայում կներկայացնի համագործակցության նոր փաստաթուղթ: Նշվում է, որ անդամ երկրներին տարբերակված մոտեցում է ցուցաբերվելու: Հետաքրքիր է` Եվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանն ի՞նչ փաստաթուղթ կարող է ակնկալել:
-Ես դժվարանում եմ հիմա պատասխանել: Փաստաթուղթն առաջիկայում պատրաստ կլինի, բայց, մյուս կողմից, իհարկե, ինչպես նշեցիք, հաշվի կառնվի Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության անդամ լինելը: Եթե խոսում ենք Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի մասին, ապա տնտեսական բաղադրիչն, իհարկե, խանգարում է և դժվարացնում Հայաստանի համագործակցությունը Եվրամիության հետ։ Բայց կարծում եմ, որ և՛ Հայաստանի, և՛ Բրյուսելի կողմից կա նոր փաստաթուղթ ստեղծելու մտադրություն: Թե այն ի՞նչ տեսք կունենա, առաջիկայում պարզ կլինի:
-Դուք Հայաստանի կողմից տեսնո՞ւմ եք նման պատրաստակամություն: Հայաստանը 2013 թվականի սեպտեմբերի 3-ին այլ միության անդամակցելու որոշում կայացրեց՝ քաջ գիտակցելով, որ դա թույլ չի տա ստորագրել Ասոցացման համաձայնագիրը: Ըստ Ձեզ` հիմա ինչո՞ւ է ԵՄ-ի հետ համագործակցության ձգտում:
-Գուցե ես սխալվում եմ, բայց մինչև սեպտեմբերի 3-ն էլ Հայաստանը փորձում էր բալանսավորել իր արտաքին քաղաքականությունը՝ ունենալ և ՛Եվրամիության, և՛ Ռուսաստանի հետ համագործակցություն։ Դա, իհարկե անհամատեղելի էր, հնարավոր չէ միաժամանակ երկու կողմի հետ էլ տնտեսական համագործակցության գնալ: Բայց հիմա ես կարծում եմ, որ քաղաքական բաղադրիչի մասին մենք կարող ենք խոսել, դա միանգամայն հավանական է, որ այդտեսակ համագործակցություն լինի: Այո՛, երևի կլինի Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածն առանց ԽՀԱԱՀ-ի:
-Այսինքն` կարծում եք Հայաստանը կարող է միայն քաղաքական հարցերի շո՞ւրջ բանակցել Եվրամիության հետ: Ենթադրվում է, որ կլինի մի փաստաթուղթ` զուտ քաղաքական բարեփոխումների հետ կապված։
-Ես չեմ կարող ասել, թե վերջում ինչ կլինի, բայց ես երկու կողմերի մոտ էլ տեսնում են նման պատրաստակամություն: Իհարկե, ամբողջական համագործակցություն հնարավոր չէ:
-Իսկ տնտեսական համագործակցությունը բացառո՞ւմ եք: Հարցս այն կոնտեքստում է, որ եվրապաշտոնյաներն այս օրերին Երևանում «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում նաև նման ակնարկներ արեցին:
-Այո, իհարկե, դա ամենակարևոր հարցն է: Ընդհանրապես, առանց Հայաստանում արված տնտեսական, քաղաքական բարեփոխումների չի կարելի մտածել Եվրամիության հետ հարաբերությունների մտերմացման մասին: Կապ չունի, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, մեծ նշանակություն ունի, թե Հայաստանի իշխանություններն ուզո՞ւմ են երկրում բարեփոխումներ անել, թե՞ ոչ: Եվրամիությունն ակնկալում է Հայաստանից նման բարեփոխումների գնալու ցանկություն:
-Արդեն Ռիգայի գագաթաժողովում որևէ համաձայնություն կարո՞ղ է լինել:
-Այն, ինչ ես ասացի, չեմ կարծում, թե այդ հարցերով Ռիգայի գագաթաժողովը բեկումնային լինի: