Թուրքը ներողություն է խնդրում սպանությունների համար, բայց շարունակում են սպանել


22:17 , 18 հոկտեմբեր, 2012

Թուրքիայում ազգությամբ քուրդ հայտնի քաղաքական գործիչ Ահմեդ Թուրքը ներողություն է խնդրել եզդի ժողովրդից` բազմաթիվ հալածանքների և սպանությունների համար: Ահմեդ Թուրքը իր ելույթում հաստատում է, որ քրդերի «ձեռքին» եզդի ժողովրդի արյուն կա: Թեեւ հայտարարության այս հատվածը համապատասխանում է իրականությանը, այդուհանդերձ, պարոն Թուրքը մոռանում է, որ մինչեւ օրերս քրդերը շարունակում են հալածանքների ենթարկել եզդի ժողովրդին: Թերեւս, մենահայտնի դեպքը 2007 թվականի օգօստոսի 14-ին իրաքյան Քուրդիստանում 1000 եզդիների սպանությունն էր: Կան նաև քիչ լուսաբանված բազմաթիվ այլ դեպքեր:


Պարո՛ն Ահմեդ Թուրք, ներողություն խնդրեք նաև մեր օրերում Իրաքում եզդիների հանդեպ կատարվող հանցագործությունների համար: Ինչպես նաեւ հեռու մնացեք եզդի ժողովրդից: Ահմեդ Թուրքը, ներողություն խնդրելով եզդիների ֆիզիկական ոչնչացման համար, միաժամանակ խոսքով է փորձում ոչնչացնել եզդի ժողովրդին՝ եզդիներին անվանելով քուրդ ժողովրդի էթնիկ տարր: «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը կոչ է անում քաղաքակիրթ աշխարհին Ահմեդ Թուրքի հայտարարությունը դիտարկել որպես մարդկության դեմ կատարված հանցանքի խոստովանում և համարժեք քայլեր ձեռնարկել եզդի ժողովրդի պաշտպանության համար, ովքեր Իրաքում ապրում են քրդերի հետ համատեղ:

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպություն