13:07 , 25 մարտ, 2015
Արդեն մի քանի օր է, ինչ լրատվամիջոցներում անընդհատ շրջանառվում են լուրեր, ըստ որի, ՀՅԴ-ը շարքերը շարունակում են լքել` միանալով «Հիմնադիր խորհրդարանին»: Այդ լուրերին ի պատասխան՝ ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեն պարզաբանում է, որ այդ անձինք որևէ առնչություն չունեն ՀՅԴ կառույցի հետ, ավելին` նրանք վաղուց արտաքսված են ՀՅԴ շարքերից:
Ակնհայտ նկատվում է, որ վերջերս որոշ ուժեր ՀՅԴ-ի ուղղությամբ ակտիվ պայքար են սկսել: Հետաքրքրականն այն է, որ այդ հարձակումների ու զազրախոսությունների հիմնական պատճառն այն է, որ ՀՅԴ-ն հայտարարել է, իսկ եթե ավելի ճիշտ` համատարիմ է մնում իր նախընտրական ծրագրում տեղ գտած դրույթներին, այն է` կողմ է կառավարման համակարգի փոփոխությանը և 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելուն:
Հայրենի քաղաքական դաշտում գտնվող որոշ ուժերի համար ծրագրերին հավատարիմ մնալն իսկապես արտասովոր երևույթ է, քանի որ այն ուժերը, որոնք տարիներով խոսում էին դրույթների մասին, կուրծք էին ծեծում հարցերի ու խնդիրների վերաբերյալ, որոնք հիմա տեղ են գտել սահմանադրականի հայեցակարգում, սկսել են ջրին հակառակ լողալ՝ դավաճանելով իրենց ընտրական խոստումները, ինչպես նաև սեփական էլեկտորատին: Հետաքրքիր է՝ ի՞նչ պատասխան են տալու նրանք իրենց ընտրողներին, երբ հերթական անգամ կանգնեն նախընտրական քարոզչական հարթակին:
Ասել է թե, նման հեղհեղուկ և անհաստատ ուժերն ինչ պահանջներ կարող են դնել իշխանությունների առաջ, եթե իրենք իրենց սեփական խոստումները դավաճանում են` դեռևս իշխանության չհասած: