«The Economist»-ի անդրադարձը հայ-ադրբեջանական հակամարտությանը


13:10 , 25 մարտ, 2015

Որքա՞ն երկար կարող է տևել Ուկրաինայում զարգացող այսպես կոչված «սառած հակամարտությունը»։ Այս մասին գաղափար կազմելու համար կարելի է դիտարկել Հայաստանի իրավիճակը։ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի տարածքի շուրջ սկիզբ առավ 1988 թ.-ին։ Թեժ կոնֆլիկտը մինչ օրս էլ շարունակվում է։ Հայաստանի սահմաններն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ մինչ օրս փակ են, ինչի արդյունքում Հայաստանը մեկուսացած է, իսկ մեր տնտեսությունը՝ լճացած։ Մարտի 19-ին ևս 3 հայ զինվորներ սպանվեցին հրաձգության արդյունքում։  

Հակամարտության սրման ահագնացող սպառնալիքը մղում է Հայաստանին պաշտպանություն ստանալու նպատակով հույսը դնել Ռուսաստանի վրա, սակայն ռուս-հայկական հարաբերությունները գնալով ավելի ու ավելի մեծ ցասում են առաջացնում հայերի շրջանում։ Մենք հատկապես դժգոհ ենք այն հանգամանքից, որ Ռուսաստանը զինամթերք է վաճառում Ադրբեջանին։ Ըստ վերջերս հրապարակված մի զեկույցի՝ վերջին 5 տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից ձեռք բերված զինամթերքի 85%-ը գնվել է Ռուսաստանից։ Այս տարվա սկզբին Հայաստանը պաշտոնապես միացավ Եվրասիական տնտեսական միությանը՝ Մոսկվայի կողմից ղեկավարվող մաքսային միությանը։ Սակայն Եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշումը կայացվեց ճնշման տակ. Ռուսաստանը սպառնում էր վերանայել իր դաշնակցական վերաբերմունքը Հայաստանի հանդեպ, եթե Հայաստանը մուտք գործեր Եվրամիություն։  

Armenian soldiers parading in 2011

Ինչպես նշել է տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, ԵՏՄ-ն որոշ տնտեսական արտոնություններ սահմանել է Հայաստանի համար։ Այնուամենայնիվ, այս կառույցի մյուս երեք անդամների՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ ընդհանուր սահմանների բացակայությունը դժվարացնում է առևտուրը։ Անդամակցությունն այս կառույցին պարտադրում է Հայաստանից ներկայացնել բարձր սակագներ, որոնք ջլատում են մրցակցային դաշտն ու վանում արտասահմանցի ներդրողներին։ Այս հանգամանքը, ինչպես նաև մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության ցածր մակարդակը, կարող է վտանգի տակ դնել երկրի տնտեսության փայլուն ոլորտներից մի քանիսը, օրինակ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը, որից էլ ստացվել է 2013 թ.-ի համախառն ներքին արդյունքի 5 %-ը։    

Ռուսաստանի տնտեսական կորուստները՝ կապված նավթի գնի անկման ու միջազգային պատժամիջոցների հետ, ավելի մեծ վնաս են պատճառել երկրին։ Դրամական փոխանցումներն արտասահմանից 2013 թ.-ին կազմել են Հայաստանի համախառն ներքին արդյունքի 21%-ը։ 2014-ին դրանք 7.7%-ով կրճատվեցին, իսկ այս տարվա համար դեռևս 30 %-ի կրճատում է կանխատեսվում։ Ռուսաստանի հարյուրավոր հայեր հետ են ուղարկվել հայրենիք ենթադրաբար միգրացիոն կանոնների խախտման համար։ Ընդ որում, ոչ մի երաշխիք չկա, որ պատժամիջոցներն այսքանով կսահմանափակվեն։ Հունվարին արտահանումը 22 %-ով կրճատվել էր՝ համեմատած նախորդ տարվա ցուցանիշների հետ։

Ժողովրդի ցասումը Ռուսաստանի նկատմամբ կտրուկ բորբոքվեց հունվարի տխրահռչակ դեպքերից հետո, երբ ռուս զինվորը սպանեց հայ ընտանիքի 7 անդամներին։ Անհապաղ որոշում կայացվեց, որ զինվորը պատիժը կրելու է Ռուսաստանում։ Հազարավոր հայեր դուրս եկան փողոց՝ բողոքելով թե՛ Ռուսաստանի անարգական վերաբերմունքից, թե՛ սեփական կառավարության ստրկամտությունից։ Ոստիկանության բիրտ արձագանքն այս բողոքին էլ ավելի սրեց իրավիճակը։

Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ թիկունք դարձնել Ռուսաստանին, սակայն մեր իշխանությունը փորձում է Եվրամիության հետ նոր ասոցիացիոն պայմանագիր կազմել, որը չի հակասի մեր անդամակցությանը ԵՏՄ-ին։ Եվրամիությունը, ինչպես և Ամերիկան, դեռևս շահագրգռված են ավելի ամուր առևտրական կապերի ստեղծմամբ։ Հունվարին ամերիկյան «ContourGlobal» ընկերությունը զգալի ներդրում կատարեց Հայաստանի էներգետիկ ոլորտում։   

Թեպետ մեզ մոտ դժգոհությունը Ռուսաստանի ազդեցությունից աճել է, այդ դժգոհությունը չի թուլացնում մեր իշխանության ուժը։ Մարտի 5-ին իշխանությունը հաղթանակ տարավ, երբ ընդդիմադիր առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը, հրաժարական ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի պաշտոնից։ Ծառուկյանը հակադրվել էր սահմանադրական բարեփոխումների իրականացման ծրագրին, որի համաձայն Հայաստանը կառավարման նախագահական համակարգից անցում կկատարի խորհրդարանական համակարգին։ Ընդդիմության առաջնորդ Ծառուկյանը պնդում էր, որ այս անցումը կամրապնդի իշխող կուսակցության դիրքերը։ Նա փորձեց համոզել Ռուսաստանին, որ Սերժ Սարգսյանն այլևս հուսալի գործընկեր չէ։ Հայաստանի իշխանությունն արձագանքեց այս քայլին՝ հեռացնելով Ծառուկյանին Ազգային անվտանգության խորհրդից և հարկային ստուգումներ կատարելով նրա բիզնեսներում։

Պարոն Կիրակոսյանը նշել է, որ իշխող կուսակցության կողմից պետական ռեսուրսների օգտագործումը քաղաքական վենդետա իրականացնելու նպատակով ընդգծում է Հայաստանի քաղաքական դաշտի տկարությունը։ Հաշվի առնելով ընդդիմության բարոյալքված վիճակը՝ Հայաստանն ավելի ու ավելի է նմանվում միակուսակցական պետության։ Ռուսաստանի՝ Ծառուկյանին սատարելու մերժումը վկայում է այն մասին, որ Հայաստանի իշխանությունը վայելում է Ռուսաստանի աջակցությունը։ Առայժմ Հայաստանի իշխանությունն ամենայն հավանականությամբ «սառած կմնա» ճիշտ այնպես, ինչպես Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։