12:48 , 25 մարտ, 20151in.am-ը գրում է.
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
-Պարոն Ուրիխանյան, ԱԺ ամբիոնից բավական կոշտ գնահատական տվեցիք փետրվարին Հայաստանում ստեղծված իրավիճակին, նշեցիք նաև կենցաղային խնդիրներ։ Ո՞րն էր ուղերձը Ձեր հայտարարության, սրանով ավելի կո՞շտ ընդդիմադիր դիրքերից հանդես եկաք:
-Ընդհանուր առմամբ՝ ասելիքս այն էր, որ սկսած կենցաղային մակարդակի խնդիրներից, որոնք առնչվում են մարդկանց կյանքի հետ, զորօրինակ՝ վերելակի դեպքը, վերջացրած առավել ևս քաղաքական որոշումներով, մեծածավալ որոշումների դաշտով մենք առնչություն ունենք երկրում անփութության, ներեցեք կենցաղային խոսքի համար՝ բառադիության, ամենաթողության, անպատասխանատվության հետ։ Այն, որ, անշուշտ, տեղի ունեցան որոշ իրադարձություններ՝ դրանից բխող վերադասավորումներով հանդերձ և ուժերի հարաբերակցության նոր դրսևորմամբ, ամենևին չի նշանակում, որ երկրում խնդիրները լուծված են։ Շատ ուղիղ տեքստով ասվեց, որ 40 տոկոսի հասնող աղքատության հարցը ոչ ոք դեռևս չի լուծել։ Ժողովուրդն ինքը պահանջելու է դա՝ ծնելու այնպիսի ուժգին հակազդեցություն, որի հետ հաշվի չնստել հնարավոր չի լինելու։
-Ձեր խոսքերից կարելի՞ է ենթադրել, որ հանրությունը գնում է ինքնակազմակերպման։ Այսինքն՝ իր ապագան ու ներկան ոչ թե կապում է որևէ քաղաքական ուժի հետ, այլ ինքն է որոշում ինքնակազմակերպվել։
-Իմ խոսքերը պետք է վերցնել ուղղակիորեն՝ դրանց միջից հանելով երկրում առկա վիճակից մտահոգությունը և բարի ու դրական փոփոխությունների ցանկությունը։
-Մամուլում չեն դադարում խոսել, որ Ձեր՝ ԲՀԿ-ում մնալուն հաշված օրեր են մնացել։ Ի՞նչ կարող եք ասել նման հեռանկարի մասին։
-Կուզենայի, որ յուրաքանչյուր քայլիս հետ կապված տեղեկատվությունը այդ իսկ քայլերով և գործողություններով մատուցվի ձեզ ու հանրությանը։ Նախ՝ որևէ բան թաքցնել հնարավոր չէ, երկրորդ՝ ազնիվ մարդու համար իր ազնվության մեջ տեղավորվում է ողջ ազատությունը, հետևաբար՝ ցանկություն չունեմ որևէ բան թաքցնելու կամ իրականացնելու, ուստի՝ ցանկացած քայլ կամ գործողություն կլինի հրապարակային։ Կյանքը թող ցույց տա այն, ինչ տեղի է ունենում։ Ամենակարևորը հետևյալն է՝ ժողովրդի շահը մնալու է գերակա, ժողովրդի շահը լինելու է ուղեցույց անձամբ իմ գործունեության մեջ։ Դրանից շեղում լինել չի կարող, և երկրում համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը ոչ ոք չեղյալ չի համարել։
-ԲՀԿ-ն իրեն հռչակել է ընդդիմադիր։ Ի՞նչը կարող է ձեզ ստիպել դուրս գալ ԲՀԿ-ից։
Դուք տալիս եք հարցեր, որոնց համար հիմք եք վերցնում տարբեր խոսակցություններ, ենթադրություններ, մինչդեռ ես հորդորում եմ ապագային միտված հարցերի պատասխանները ստանալ իմ գործողություններով ու քայլերով։