Կանադան կերկարաձգի Իրաքում ԻՊ-ի դեմ պայքարի ժամկետը


04:55 , 25 մարտ, 2015

Lurer.com–ը գրում է.

Կանադայի կառավարությունը ևս կես տարով կերկարաձգի իր օդային ուժերի մասնակցությունն Իրաքում միջազգային դաշինքի հետ «Իսլամական պետության» դեմ պայքարում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, CTV հեռուստատեսության հաղորդմամբ, այդ մասին նշել է Կանադայի վարչապետ Ստիվեն Հարպերը ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգի հետ ունեցած հանդիպման ժամանակ:

Հարպերն այդ հարցը երեքշաբթի կքննարկի ազգային խորհրդարանում: Ամենայն հավանականությամբ, առաջարկը հավանության կարժանանա: Հարց կբարձրացվի նաև Սիրիայում ԻՊ-ի դեմ ռազմական գործողություններին կանադական զինվորականների մասնակցության մասին:

Կանադական ուժերի առաքելությունն Իրաքում ավարտվում է ապրիլի 7-ին: 2014թ. աշնանը վարչապետ Ստիվեն Հարպերը որոշում էր ընդունել ԻՊ-ի դեմ պայքարելու համար ուղարկել վեց կործանիչ, երկու հետախուզական ինքնաթիռ և մեկ լիցքավորող ինքնաթիռ: Օդային գործողություններին աջակցելու համար Մերձավոր Արևելք են մեկնել 600 զինծառայող: Ընդ որում, 70 խորհրդական-մասնագետ աջակցում են իրաքյան և քրդական ռազմական ղեկավարներին:

Կանադական ուժերը մասնակցում են միայն օդային գործողություններին, ցամաքային գործողությունների մասին խոսք չի գնում:

ԱՄՆ-ն Իրաքում ԻՊ-ի դեմ ռազմական գործողություններն սկսել է օգոստոսի 8-ից: Նրան միացել են նաև միջազգային դաշինքի երկրները: