Եթե դու ուզում ես փնովել բանակը, խնդրում եմ, փորձիր ընդամենը 14 օր ապրել զինվորի կյանքով


00:05 , 25 մարտ, 2015

ժողովուրդ, տեսականորեն անհնարին մի բանի մասին եմ ուզում խոսել: Ըստ ձեզ՝ մարդը կարո՞ղ է 14 օր, օրական 2 ժամ կանգնել լուսամուտի առջև ու անշարժ նայել մի կետի, հետո իջնել բակ, շարժվել սահմանափակ տարածքում, չշփվել ոչ մեկի հետ ու նայել վերև՝ իրենց լուսամուտին, որտեղից 2 ժամ առաջ ինքն անշարժ կանգնած նայում էր: 2 ժամը լրանալուց հետո գնար, 2 ժամ քներ, ուղիղ 2 ժամ հետո արթնանար ու նորից 2 ժամ լուսամուտից անշարժ նայեր՝ մի քիչ պաթոս մտցնենք՝ ասենք մեր սիրուն Մասիս սարին:
14 օր հետո իջներ բակ, ու թաղից մեկը՝ մի տարիքով մարդ, իրեն ինչ ասեր, ինքը հնազանդ կատարեր՝ առանց վերապահումների: Հա, քիչ էր մնում մոռանայի, ու այդ տղան էդ մյուս 14 օրն էլ ապրեր իրենց շենքի էն նեռվի դեղ քյարթուի հետ, վերևի հարևան անողնաշար ղզիկի հետ, ներքևի հարևան մի կիսագրագետ ապուշի հետ, մոտ ընկերներից մեկի ու մի քանի այլ տղերքի հետ, որոնց հետ ոչ մի ընդհանուր բան չունի:
Մի տեսակ աբսուրդ բան թվաց չէ՞, բայց սա իսկական զինվորի կյանքն է, ես չեմ տեսել այս ամենի միջով անցած մեկին, որ բանակին փնովի: Եթե դու ուզում ես փնովել բանակը, խնդրում եմ, փորձիր կատարել այս բոլորը, շատ չէ, ընդամենը 14 օր ոչ ավել, ու եթե կարողանաս դիմանալ, նոր բարձրաձայնիր սրտիդ ուզած ամենավատ խոսքերը: