ԲՀԿ-ն վերջապես «բզբզալու» թեմա գտավ


21:07 , 24 մարտ, 2015

ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ խոսում է «Նաիրիտի» հարցի վերաբերյալ: Էնֆիաջյանը պատմում էր, թե ինքն ու իր գործընկերներն ինչ խրոխտ ու հուժկու կերպով են պայքարում այս հարցի լուծման համար... Հուզվել կարելի է... Այ թե հայրենասեր մարդիկ դուրս եկան այս ԲՀԿ-ականները...

Պատգամավորը մի քանի դիտարկումներ է արել, կապված Նաիրիտի վերագործարկման հետ, մեջբերեմ. 
«Ցավալի է, որ հերթական անգամ նաիրիտցիների հարցը լուծում չի ստանում և կրկին հետաձգվում է: Կարծում եմ, որ քիմիական գիգանտի վերագործարկումն իրական է, եթե ստեղծվեն տնտեսական համապատասխան պայմաններ և ներդրումային երաշխիքներ: Նաիրիտի հարցը, որը առնչվում է մեր հազարավոր հայրենակիցներին, պետք է ստանա վերջնական լուծում»:

Այս տողերը ժամանակի մեքենայի հայտնագործման բանաձևեր չէին: Պարզից էլ պարզ է` բոլորն էլ ցանկանում են, որ «Նաիրիտի» խնդիրը համապատասխան լուծում ստանա, իսկ պատգամավորի կողմից բարձրացված հարցերն արդեն նախկինում մի քանի անգամ հնչել են:
Նաիրիտի հարցն արդեն իսկ բարձրացված է համապատասխան գերատեսչություններում, և նման գործընթացները պարզապես դեմագոգիայի ազդակներ են և ոչ ավելին: Այնուամենայնիվ, այստեղ ուրիշ հետաքրքիր փաստեր կան.

ԲՀԿ-ն ընդդիմություն «հռչակվելուց» հետո երկար ժամանակ էր՝ փնտրտուքների մեջ էր: Հարմար թեմա չկար, որի շուրջ կարելի էր հայրենասեր-հայրենասեր խաղալ:

Ինչ խոսք, կարելի է շնորհավորել ԲՀԿ-ականներին, քանի որ նրանք արդեն գտել են քաղաքական ինքնարտահայտման կամ, այսպես ասած, «բզբզալու» ինչ-որ թեմա:
Եվ այսպես՝ ԲՀԿ-ի պոպուլիզմը լայն թափ է առնում: