09:53 , 24 մարտ, 2015
Tert.am-ը գրում է.
Մարտի 24-ը տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Tert.am-ի հետ զրույցում «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հայրապետյանը ներկայացրեց տուբերկուլյոզի վարակման ուղիները, բուժման մեթոդները, հիվանդության կանխարգելման ճանապարհները: Նա նկատեց, որ Հայաստանում վիճակը հուսադրող է և ցուցանիշները սկսած 2006թ-ից տարեցտարի բարելավվում են: «2014թ-ին նույնպես բարելավվել է վիճակը և 100 000 բնակչից 34 տուբերկուլյոզով հիվանդ կարող է լինել»,- նշեց նա: Ըստ նրա՝ տղամարդիկ երեք անգամ ավելի շատ են հիվանդանում, քան կանայք: Ի դեպ, մասնագետը նշեց, որ միգրանտները ռիսկի խումբ են տուբերկուլյոզի համար և 2014թ-ի նոր դեպքերի մոտ 20%-ն են կազմում միգրանտների շրջանում արձանագրված դեպքերը:
-Պարո՛ն Հայրապետյան, ինչպիսի՞ն է տուբերկուլյոզի հետ կապված իրավիճակը Հայաստանում։
-Կարեի է ասել հուսադրող է. ցուցանիշները սկսած 2006թ-ից տարեցտարի բարելավվում են ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Դա չի նշանակում, որ մենք անելիք չունենք, անելիք շատ ունենք և եթե անգամ 1-2 հիվանդ կա, ուրեմն անելիք էլ կա: Բայց 2014թ-ին նույնպես բարելավվել է վիճակը և յուրաքանչյուր 100 000 բնակչին բաժին է ընկնում 34 դեպք, այսինքն` 7%: Բարելավվել է նաև մահացության ցուցանիշը և եթե վերցնենք, որ մի քանի տարի առաջ այն կազմում էր 5% , այսօր 1,6% է:
-Իսկ տարիքային ո՞ր խմբերի մոտ է ավելի շատ արձանագրվում, կա՞ նման վիճակագրություն:
-Տուբերկուլյոզը Հայաստանում եթե տարիքասեռային դասակարգումը տանք, հիմնականում 20-25 տարեկանից մինչև 54 տարեկանների շրջանում է, այսինքն՝ աշխատունակ տարիքի անձինք են: Տղամարդ-կին տարբերությունը կազմում է 3-ը 1-ին, այսինքն՝ տղամարդիկ 3 անգամ ավելի շատ են հիվանդանում, քան կանայք:
-Կներկայացնեք, ի՞նչ ախտնիշներ ունի հիվանդությունը և տուբերկուլյոզի վարակման ուղիները որո՞նք են:
- Ախտանիշներից են երկարատև հազը, խորխարտադրությունը, քրտնարտադրությունը, քաշի նվազում և այլն: Եթե այս ախտանիշերը ի հայտ են գալիս, որոնք բնորոշ են տուբերկուլյոզին, անհրաժեշտ է շտապ դիմել պոլիկլինիկա կամ մասնագիտացված հիվանդանոց, որտեղ կամ կժխտվի, կամ կհաստատվի: Եթե հաստատվում է, սկսում է տուբերկուլյոզային դեղամիջոցներով բուժումը: Եթե վարակիչ է և վտանգ է ներկայացնում, ապա հոսպիտալացվում է, իսկ հոսպիտալացվում է մոտ 99%-ը։ Հիվանդանոցում պահվում են մինչև ոչ վարակիչ դառնալը, ապա շարունակում են իրենց ամբուլատոր բուժումը:
-Տուբերկուլյոզն ընդունված է համարել սոցիալապես անապահով խավերի հիվանդություն, իրականում որո՞նք է հիվանդության տարածման պատճառները, միայն վարա՞կը, թե՞ իրենց դեր ունեն, օրինակ՝ վատ սնունդ, կեցության վատ պայմաններ և այլն:
-Ինչպես և ցանկացած վարակիչ հիվանդություն, հիվանդությունն ունենում է վարակի աղբյուր, որը տվյալ պարագայում մարդն է, հիվանդությունը փոխանցվում է օդային ճանապարհով: Վարակվելու համար անհրաժեշտ է հարուցիչի համապատասխան խտություն և երկարաժամկետ սերտ շփում հիվանդի հետ, որպեսզի տվյալ անձը վարակվի: Տուբերկուլյոզը, իհարկե, սոցիալական հիվանդություն է, բայց սխալ է այն միանշանակ համարել սոցիալապես անապահով խավերի հիվանդություն, նրանով կարող է վարակվել ցանկացածը:
-Իսկ Հայաստանում դրա դեմ պայքարն ինչքանո՞վ է բավարար:
-Եթե համեմատենք նախկին Խորհրդային Միության երկրների հետ, ապա Հայաստանը բավական բարվոք վիճակում է: Հաշվի առնելով, որ հիվանդացությունը Ռուսաստանում գրեթե երեք անգամ բարձր է, քան Հայաստանում, նույնն Ուկրաինայում, Բելառուսում, միջինասիական երկրներում, հարևան Ադրբեջանում, որտեղ բարձր են նաև դեղակայուն տուբերկուլյոզի ցուցանիշերը:
-Իսկ հաշվի առնելով այն, որ դեպի այդ երկրներ Հայաստանից միգրացիոն հոսքը շատ է, դա չի՞ ազդում ներթափանցման վրա:
-Այո՛, միգրանտները ռիսկի խումբ են տուբերկուլյոզի համար և 2014թ-ի նոր դեպքերի մոտ 20%-ը միգրանտների շրջանում արձանագրված տուբերկուլյոզի դեպքերն են: Մեկնելով արտագնա աշխատանքի՝ նրանք վարակվում և արդեն միջին ծանրության կամ ծանր վիճակով վերադառնում են Հայաստան արդեն գերդեղակայուն տուբերկուլյոզով կամ համակցված ՄԻԱՎ-ով կամ հեպատիտ C-ով:
-Իսկ հիվանդությունը բուժելի՞ է:
-Այո, տուբերկուլյոզը բուժելի է։ Եթե հիվանդը ստանում է համապատասխան դեղամիջոց, հետևում է բժշկի բոլոր նշանակումներին և բուժման ընթացքում ընդհատումներ չի տալիս, ապա բուժվում և անցնում է բնականոն կյանքին: Բարեհաջող բուժման ելքերի մեր ցուցանիշը կազմում է 80%, այսինքն՝ 80%-ը համարվում է բուժված:
-Իսկ բուժումը թա՞նկ է:
-Տուբերկուլյոզի բուժումը, կանխարգելումը, ամեն ինչ հիվանդի համար անվճար է, դա հոգում է պետությունը՝ ի դեմս Առողջապահության նախարարության, որն ունի համապատասխան ֆինանսական միջոցներ:
-Կա տարածված տեսակետ, որ քրեակատարողական հիմնարկներում են ամենից շատ տուբերկուլյոզով հիվանդները:
-Այդ կարծրատիպը պետք է վերացնել, որովհետև քրեակատարողական համակարգում վեց ամիսը մեկ ֆլուորոգրաֆիկ հետազոտություններ են իրականացվում, որը հնարավորություն է տալիս վաղ հայտնաբերել դեպքը և կանխել տարածումն ու զարգացումը: Այսօր ՔԿՀ-ներում բավական բարվոք վիճակ է՝ համեմատած նախորդ տարիների հետ, և 2014թ-ին դատապարտյալների հիվանդանոցում բուժվել է 26 հիվանդ, որոնք և՛ դեղակայուն, և՛ դեղազգայուն բուժում ստացել են դատապարտյալների հիվանդանոցում կամ Նուբարաշեն ՔԿՀ-ում: