Մի քիչ կատակ, մի քիչ լուրջ


09:42 , 24 մարտ, 2015

Միշտ մտածել եմ, որ եթե ես Հայաստանի նախագահը լինեի, ի՞նչ պիտի լիներ իմ ծրագիրը, ու ինչպե՞ս պիտի հասնեի ծրագրիս նպատակներին: Հիմա ասեմ, ու դուք գնահատեք: Քանի որ ես Սերժիկին շատ եմ քննադատում, ու բոլորը գիտեն, որ սրտանց եմ բարկացած այս իշխանության ու դատարկամիտ ընդդիմադիրների վրա, ու որպեսզի արդարացնեմ իմ բարկությունը, պարտավոր եմ զգում բացատրել:

Ուրեմն, մեր ԳԵՐԱԳՈՒՅՆ ՆՊԱՏԱԿՆ ԱԶԳԱՊԱՀՊԱՆՈՒՄՆ Է։

Ազգը պահպանվում է իր պապենական հողերի վրա, ինչպես նաև կարող է պահպանվել սփյուռքում ԳԱՂԱՓԱՐԻ ՇՈՒՐՋ։

Ազգի պահպանումը պայմանավորված է հզոր ՊԵՏՈՒԹՅՈՒՆ հետ և/կամ ԳԱՂԱՓԱՐ ունենալով, որը պահանջում է ազգի նվիրում ու ԻՆՔՆԱԶՈՀՈՂՈՒԹՅՈՒՆ։

Զոհողություն պիտի առաջին հերթին կատարեն պետական աշխատողներն ու պաշտոնյաները: Նրանք պետք է վաստակեն մինիմում աշխատավարձ, իսկ ժողովրդին պետք է նշանակեն նույն մինիմում աշխատավարձն ու ազատ բիզնեսի իրավունք, ստեղծագործելու իրավունք, սեփականատիրության իրավունքներ և այլն: Ժողովուրդը պետք է ունենա նույն կենսամակարդակը, ինչ որ իշխանության պաշտոնյաներն ու պետական աշխատողները:

Իսկ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԸ պետք է լինի ազգապահպանումը, որի մեջ մտնում է ազգի կրթությունը, առողջությունը, երջանկությունը, ապահովությունը:

Այն օրենքները, որ կծառայեն այս ՍՈՒՐԲ ԱԶԳԱՊԱՀՊԱՆՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԻՆ, կլինեն Հայոց պետության հիմնական ու գերագույն օրենքները: