Վրաստանի ԱԳՆ-ն պատրաստվում է Մերկելի և Քերիի այցին


05:23 , 24 մարտ, 2015

Lurer.com–ը գրում է.

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը պատրաստվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այցին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Դավիդ Կերեսելիձեն, հայտնում է newsgeorgia.ru-ն:

Նրա խոսքով՝ Մերկելը կարող է Վրաստան այցելել տարվա երկրորդ կեսին:

«Այդ այցերի շուրջ աշխատանքներ են տարվում: Հստակ ամսաթիվ չեմ կարող ասել: Քննարկվում է տիկին Մերկելի՝ այս տարվա երկրորդ կեսին այցի տարբերակը: Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ պետքարտուղարի այցին, ապա այդ ուղղությամբ նույնպես աշխատանքներ են տարվում: Ամեն դեպքում՝ ԱՄՆ-ի կողմից պատրաստակամություն կա այցելել Վրաստան»,- ասել է Կերեսելիձեն երկուշաբթի կայացած ճեպազրույցի ընթացքում:

Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Քերիի այցը Վրաստան կարող է տեղի ունենալ «մոտ ապագայում»: Երկրի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարը կմասնակցի Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության խարտիայի իրականացման հարցերով լիագումար նիստին, սակայն չի հստակեցրել, թե երբ է մասնավորապես կայանալու նիստը: