18:49 , 23 մարտ, 2015
Mediamonitor.am-ը գրում է.
Տարիներ շարունակ Ֆինլանդիա բառը համարվում է հաջողակ կրթական համակարգի հոմանիշ, իսկ երկիրը գլխավորում է միջազգային բոլոր հնարավոր աղյուսակները գրագիտության և թվաբանության արդյունքներով։
Սովորողների միջազգային գնահատման ծրագրի (PISA) ցուցակում միայն արևելյան այնպիսի երկրներն են իրենց վարկանիշով ավելի բարձր ֆինլանդիայից, ինչպիսիք են Սինգապուրն ու Չինաստանը։ Տարատեսակ քաղաքագետներ և կրթության մասնագետներ շարունակաբար այցելություններ են կատարում Հելսինկի՝ փորձելով հասկանալ և կրկնօրինակել ֆիննական կրթական հրաշքը։
Իսկ ներկայումս Ֆինլանդիան է՛լ ավելի արմատական բարեփոխում է ձեռնարկում (երբևէ ամբողջ պետության տարածքով մեկ կիրառված)՝ չեղարկելով «առարկայական ուսուցումը» և ներդնելով «ըստ թեմայի» ուսուցումը։
«Այն ինչ մենք նախաձեռնել ենք, ֆիննական կրթական համակարգի շատ լուրջ փոփոխություն է ենթադրում»,-ասում է Լիզա Պոհյոլայնենը, որը բարեփոխումների առաջամարտիկ մայրաքաղաք Հելսինկիի երիտասարդների և մեծահասակների կրթության պատասխանատուն է։
Պասի Սիլանդերը՝ քաղաքի զարգացման պատասխանատուն, բացատրում է․ «Մարդկանց աշխատանքային գործունեությանը նախապատրաստելու համար մենք այլ տիպի կրթության կարիք ունենք»։
«Երիտասարդներն օգտագործում են բավական առաջադեմ համակարգիչներ։ Նախկինում բանկերն ունեին մեծ թվով աշխատակիցներ, որոնք պատասխանատու էին հաշվարկների համար, իսկ այժմ ամեն ինչ անում է համակարգիչը։ Հետևաբար մենք պետք է փոփոխենք կրթական համակարգն այնպես, որ այն համապատասխանի ժամանակակից հասարակությանն ու արդյունաբերությանը»։
Քաղաքի ավագ դպրոցներում 16 տարեկաններն այլևս առավոտյան մեկ ժամ պատմություն կամ ցերեկը մեկ ժամ աշխարհագրություն չեն անցնում։ Առարկաները փոխարինվել են ֆինների ձևակերպմամբ «երևույթի» (ֆենոմենի) ուսուցմամբ կամ թեմայի ուսուցմամբ։ Օրինակ՝ պատանին, որը սովորում է միջին մասնագիտական դասընթացում, կարող է իր համար ընտրել «սրճարանային ծառայությունների» դասընթացը, որն իր մեջ ներառում է մաթեմատիկայի և լեզուների (օտարերկրյա այցելուներին սպասարկելու համար) տարրեր, գրագրության և հաղորդակցության հմտություններ։
Ավելի շատ գիտական աշխատանքի հակում ունեցող աշակերտները կարող են ընտրել միջդիսցիպլինար թեմաներ, ինչպիսին է, օրինակ, Եվրոպական միության թեման, որն արդեն իր մեջ կներառի տնտեսության, պատմության, լեզուների և աշխարհագրության տարրեր։
Այլ փոփոխություններ ևս կան։ Այլևս չի ընդունվում հին կարգը, ըստ որի աշակերտները շարքերով շարված նստարաններին նստած պասիվ լսողի դեր էին ստանձնում և սպասում, թե երբ իրենց հարց կտան։ Փոխարենն առաջարկվում է ավելի համագործակցային մոդել, երբ խնդիրների լուծման վրա աշակերտներն աշխատում են փոքր խմբերով՝ միաժամանակ զարգացնելով իրենց հաղորդակցման հմտությունները։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ