Մի զինվորի պատմություն....


15:08 , 23 մարտ, 2015

Երեք օր շարունակ համացանցում թեժ քննարկման առարկա է դարձել սահմանինց այն կողմ` Ադրբեջանում, հայտնված զինվորի պատմությունը: ԼՂՀ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Սա նշանակում է, որ քննությունը կպարզի դեպքի հանգամանքները, մանրամասները: Մնացած ամեն ինչ նախնական եզրակացություն է, որը կարող է հերքվել կամ հաստատվել: Այս տրամաբանության մեջ է նաև ԼՂՀ հաղորդագրությանը հետևած ՀՀ ՊՆ խոսնակի գրառումը, համաձայն որի՝ բառացի մեջբերմամբ` շարքային-պայմանագրային Անդրանիկ Գրիգորյանի արարքը մեկնաբանելու չէ: Սա նշանակում է, որ մեկնաբանելու չէ, քանի որ քննությունը կպարզի՝ ինչ է իրականում եղել` մոլորյալ է, դիտավորությամբ է լքել, վատ է զգացել, կողմնորոշումն է կորցրել, թե մեկ այլ բան: Այսինքն` բոլոր հնարավոր վարկածները, որ կարող են հնչել, միայն նախնական են: Դա է պատճառը, որ առայժմ այդ արարքը մեկնաբանելու չէ: Մինչդեռ այդ ամենը հատկապես համացանցային գրառումներում որպես դավաճանության մեղադրանք է դիտարկվում շատերի մոտ, որից էլ բխում են մյուս բոլոր լուտանքներն ու մեղադրանքները՝ ուղղված ոչ միայն ՊՆ խոսնակին, այլև ՀՀ ազգային բանակին: Ավելին` պաշտոնական տեղեկատվության նկատմամբ ուղղակի այս դեպքում անհիմն անվստահությունը տեղափոխվում է նույնիսկ այն դաշտ, թե իրականում ինչ է տեղի ունենում սահմանում: Շատերն արդեն հակված են այն կարծիքին, որ ամեն ինչ ուղղակի կործանվում է, ու մեզ ուղղակի խաբում են: Սա, բնականաբար, էմոցիոնալ ընկալում է: Բանն այն է, որ ցանկացած զինվորի մահը, փոքրիկ կրակոցն անգամ մեզ մոտ շոկ է առաջացնում: Սա ցավալի իրականություն է: Ցավալի է նաև թեկուզ և մեկ զոհի առկայությունը: Բայց փաստը մնում է փաստ. փաստացի հայկական հսկողության տակ գտնվող բոլոր դիրքերն իրենց տեղում են ու լավ պաշտպանված: Հակառակորդը մշտապես լարվածություն է ուզում առաջացնել, դրանք հունվարից սկսած՝ առավել հաճախակի բնույթ են կրել: Եվ դրանք պատշաճ կերպով հետ են մղվել` ապացույցը դարձյալ անխախտ սահմանն է և Ադրբեջանի կողմից հետզհետե երևան հանվող զոհերը` անհեթեթ պատճառաբանություններով: Հայասստանն ու Արցախը շատ մեծ չեն, և կապի միջոցները քիչ չեն՝ դեպքից հետո հարազատ զինվորի հետ կապվելու և տեսնելու, թե նա ողջ-առողջ է, լարվածության մեջ է, թե ոչ: Մի կողմից հասկանալի են այսքան թեժ քննարկումներն իրականության ու երբեմն ոչ իրականության սահմաններում, բայց սա նաև մեկ այլ բան է մատնանշում։ Ի տարբերություն Ադրբեջանի` հայկական կողմում բավականաչափ շատ տեղեկատվությամբ է լսարանն ապահովվում: Ավանդաբար պաշտպանության ոլորտն օբյեկտիվորեն ամենաշատ գաղտնիքներն ունի, հետևաբար տեղեկատվության այսքան ապահովումը պարզապես դրական միտում է` անկախ երբեմնի էմոցիոնալ ու անհիմն ըմբռնումներից: