Միջին վիճակագրական ֆեյսբուքահայուհու էվոլյուցիան


00:52 , 22 մարտ, 2015

Միջին վիճակագրական ֆեյսբուքահայուհու ստատուսների մոտավոր ժամանակագրությունը.

Փուլ 1. Ես հրաշք եմ, անհասանելի թագուհի, թույն դեմք եմ, քաղաքի գլամուրային սրճարաններ եմ գնում ընկերուհիներիս հետ, բոլոր տղամարդիկ ոչխար են: Լուսանկարը՝ ես ընկերուհիներիս հետ զուգարանում, ակումբում, սրճարանում, վերելակում, մոլում, Վրաստանում: Հետևություն. բոլոր տղամարդիկ ոչխար են, նրանք ինձ արժանի չեն: Ընկերուհիները հաստատում են:

Փուլ 2. Ես սիրահարվել եմ: Էջս եմ լցնում բոլոր այն ցիտատներով, որտեղ կան «սեր», «հավերժ», «խենթի պես» բառերը: Լուսանկարը՝ ես ու ՆԱ զուգարանում, ակումբում, մոլում, Վրաստանում: Հետևություն. բոլոր ընկերուհիները նախանձ փչացածներ են: Ընկերս հաստատում է:

Փուլ 3. Մենք բաժանվել ենք: Պարույր Սևակ, Պաոլո Կոելյո, տիեզերքի և երազանքների իրականացման անմիջական կապի մասին ցիտատներ, որոնց կեսն էլ չեմ հասկանում, «եթե նա հեռացել է, ուրեմն փթիր է» ոճի ստատուսներ: Պետք է մի քանի ստատուս գրել ընկերուհիների հետ բարիշելու համար: Բոլոր տղամարդիկ ոչխար են:

Փուլ 4. Խնջույքներ, ակումբներ, շուրջօրյա «կայֆավատ»: Թող բոլորը տեսնեն, թե մենակ ինչ լավ եմ ինձ զգում:

Փուլ 5. Լավ տղաներն ակումբներ չեն գնում: Լավ տղաները փող են աշխատում, երեխաներ են ունենում և սիրում են համեղ ուտելիքներ: Իմ էջում խոհարարական բաղադրատոմսեր են պակասում: Լուսանկարները՝ փիսիկներ, պուպուշ երեխաներ, ուտելիք:

Փուլ 6. Գտել եմ այն դժբախտին, ով պատրաստ է ամուսնանալ ինձ հետ: Այո, իմ էջում պակասում են հարսանիքի մասին նյութերն ու նկարները: Լուսանկարները՝ ես և նախանձից պայթող թարախ ընկերուհիներս, պատրաստվում ենք իմ հարսանիքին:

Փուլ 7. Հիմա ես ամուսնացած եմ: Միլիոնավոր անդուր և սարսափելի լուսանկարներ հարսանիքից, 10 պրոֆեսիոնալ լուսանկար: Լուսանկարներ մեղրամսից:

Փուլ 8. Ուտելիքի բաղադրատոմսեր, որոնք ամուսինս միայն երազում կտեսնի: Անգամ ոչ ռեստորանում, քանի որ դուք հիմա ընդհանուր բյուջե ունեք՝ նրա փողերն ու նրա փողերը: 

Փուլ 9. Սիրելիս, դու հայրիկ ես դառնալու: Share արած գրառումներ մայրիկների խմբերից, անիմաստ և ոչ այդքան խորհուրդներ, ցիտատներ երեխաների մասին և պստիկների պուպուշ նկարներ, փիսիկներ, շունիկներ, ջայլամիկներ և այլն: Լուսանկարը՝ ես և փորիկս, ես և ամուսինս, ամուսինս համբուրում է փորիկս: Դրան հաջորդում են երեխայի միլիարդավոր նկարները՝ սկսած ծնվելու առաջին իսկ պահից:

Փուլ 10: 8 և 9 կետերի կրկնություն, պարբերաբար կրկնվող նոստալգիա նախկին կյանքի հանդեպ, փիլիսոփայական ստատուսներ կյանքի իմաստի և ծերության մասին: