Չի կարելի համայնքների խոշորացման այս ծրագիրն իրականացնել


23:07 , 20 մարտ, 2015

Չի կարելի համայնքների խոշորացման այս ծրագիրն իրականացնել։ Այն շատ վտանգավոր ձեռնարկում է։ Փաստորեն այս ճանապարհով իրավական հիմք է ստեղծվում մարդաթափ եղած գյուղերը վերացնելու համար։ Սա Հայաստանի բնակավայրերի վերացման ծրագիր է։ Չեղավ գյուղապետարանը՝ արդեն քայքայման եզրին հասած գյուղը վերջնականապես կքայքայվի ու կվերանա։ 
Բոլորս լավ ենք հիշում, թե որքան նախալեռնային ու լեռնային գյուղեր վերացան Հայաստանում, երբ Արարատյան դաշտավայրը բնակեցնելու համար այդ գյուղերի բնակիչներին տեղափոխեցին, ու վերացրին հարյուրավոր տարիներ գոյություն ունեցող մեր բազում գյուղերը։ Մինչև այսօր էլ դեռ կան այդ վերացած գյուղերի ավերակները, որոնք որպես սպիեր մեզ ահազանգում են չձեռնարկել մեր գյուղերն ավիրելու մի նոր ծրագիր։
Քանի դեռ գյուղում մի քանի ծուխ կա, այն պիտի պահպանել՝ հույս ունենալով, որ կգան լավ ժամանակներ, և մեր գյուղերը նորից կշենանան այնպես, ինչպես շենացան ու ծաղկեցին սովետի լավ տարիներին։