Երևանի Wave ակումբում բարձր երաժշտության ներքո աղջիկներն իրար «քրֆել», ծեծել ու արյուն են բերել


22:22 , 20 մարտ, 2015

FotorCreatedefwed1in.am-ը գրում է.

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ավարտվեց Սուսաննա Թ.-ի գործի դատական քննությունը:

30-ամյա Սուսաննան մեղադրվում է այն բանի համար, որ ոգելից խմիչք օգտագործած վիճակում «Վեյվ» կարաոկե ակումբում կատարել է խուլիգանություն՝ իր գործողությունները զուգորդելով ակումբի մենեջեր Սոնա Փ.-ի և ակումբի հաճախորդ Անժելա Տ.-ի նկատմամբ բռնության գործադրմամբ:

Սուսաննային մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով:
Դեպքը տեղի է ունեցել 2014 թվականի մարտի 28-ի լույս 29-ի գիշերը:

Տուժողն ու ամբաստանյալը մինչև դեպքը միմյանց չեն ճանաչել:

2014 թվականի մարտի 28-ի լույս 29-ի գիշերը նրանք տարբեր ընկերախմբերով այցելել են Երևանի Խանջյան փողոցում գտնվող «Վեյվ» կարաոկե ակումբ՝ զվարճանալու:

Վիճաբանությունը սկսվել է պարահրապարակում. նեղլիկ սրահում պարող Սուսաննան դիպել է Անժելային: Վերջինս դիտողություն է արել: Սուսաննան ներողություն է խնդրել:

Բայց Անժելային հաջորդ անգամ դիպել է Սուսաննայի հետ պարող երիտասարդը:

Ըստ Անժելայի՝ դա սովորական, անմեղ դիպչել չէր: Նա շրջվել ու բարկացած՝ իր հերթին հրել է Երվանդին պաշտպանող Սուսաննային:

Երկու աղջիկները միայն փոխադարձ հրմշտոցով չեն հանգստացել:

Անժելայի ասելով՝ Սուսաննան մոտեցել է նրանց սեղանին ու հարվածել է: Հարվածը դիպել է կարաոկե ակումբի մենեջեր Սոնային, ով վիճաբանությունը դադարեցնելու համար էր մոտեցել:

Սուսաննայի հարվածից մենեջեր Սոնան վայր է ընկել:

Ակումբի անվտանգության աշխատողը Սուսաննայի խմբին դուրս է հանել պարասրահից:

Նախասրահում շարունակվել է վիճաբանությունը: Ամբողջ ընթացքում սրահում չի դադարել բարձր երաժշտությունը…

Անժելան ցանկացել է իր խմբով դուրս գալ ակումբից ու տուն գնալ:

Երբ մտել է նախասրահ, տեսել է, որ Սուսաննայի խմբի տղաներից մեկի քթից արյուն է գալիս:

Սուսաննան, տեսնելով Անժելային, մատով նրան ցույց է տվել ու ասել՝ դո՞ւ էիր էս ամենի պատճառը:

Ըստ Անժելայի՝ այդ հարցը տալուց հետո Սուսաննան հարվածել է իր շրթունքին ու սեռական հայհոյանք է տվել իր մոր հասցեին:

Ինքը ձեռքերով պահել է Սուսաննային, երևի հրել է, որ նա իրեն չհարվածի: Հնարավոր է, որ Սուսաննան այդ ժամանակ «սոթ տված ու ընկած լինի», ինքը նրա մազերից չի քաշել, չի հարվածել:

Անժելան ընդունում է, որ Սուսաննայի հայհոյանքից հետո նույնպես հայհոյել է, այսինքն՝ ասել է. «Ինչ ասում ես՝ մորդ կպնի»:

Ըստ Անժելայի՝ Սուսաննայի հարվածից իր շրթունքը վնասվել է, արյուն է եկել:

Քիչ անց եկել են ոստիկանության աշխատողները ու կռվողներին բերման են ենթարկել ոստիկանություն:

Անժելան ամբաստանյալին որևէ պահանջ չի ներկայացրել, ասել է, թե բողոք չունի: Բայց դատարանի դահլիճում նա հիվանդագին էր արձագանքում Սուսաննայի կողմնակիցների պնդումներին, թե ամբողջ իրարանցումը նրա պատճառով է եղել, ակումբների նեղ պարասրահներում բոլորն էլ դիպչում են իրար…

Այս գործի դատական քննության սկզբում ամբաստանյալը, դատական գործընթացից արագ ձերբազատվելու միտումով, միջնորդել էր արագացված քննության կարգ կիրառելու վերաբերյալ՝ իրեն մեղավոր ճանաչելով մեղսագրված արարքում:
Ամբաստանյալի միջնորդությունը դատարանը մերժել էր՝ հարցերի միջոցով պարզելով, որ ամբաստանյալը չի հասկանում՝ ինչ ասել է «դատաքննության արագացված ընթացակարգ»՝ դրա բոլոր իրավական հետևանքներով:

Դատարանի մերժումից հետո ամբաստանյալը հայտարարեց, թե խուլիգանության համար իրեն մեղավոր չի ճանաչում: Մեղսագրված արարքում իր պաշտպանյալի անմեղությունն ապացուցելուն էին ուղղված նաև Սուսաննայի շահերի պաշտպանի հարցադրումները՝ դատական ամբողջ քննության ընթացքում:

Դատաքննության ավարտին մեղադրողը հանդես եկավ մեղադրական ճառով՝ հաստատված գնահատելով Սուսաննայի մեղքը բռնության գործադրմամբ կատարված խուլիգանության համար և միջնորդելով նրան դատապարտել 300 հազար դրամ տուգանքի:

Սուսաննայի շահերի պաշտպանը իր ճառում պնդեց, թե գործով ապացուցված չէ, որ Սուսաննան խուլիգանություն է կատարել, նրա գործողություններն ուղղված չեն եղել հասարակական կարգը խախտելուն, երկու անձի միջև տեղի է ունեցել վիճաբանություն ու միմյանց նկատմամբ բռնության գործադրում: Պաշտպանի կարծիքով՝ Սուսաննայի արարքը պետք է վերաորակվեր որպես տուժողի նկատմամբ բռնության գործադրում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով, ապա քրեական գործի վարույթը պետք է կարճվեր, Սուսաննայի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեր՝ տուժող կողմի բողոքի բացակայության հիմքով:

Ընդհանուր իրավասության դատարանը ապացուցված գնահատեց, որ ամբաստանյալ կինը կարաոկե ակումբում կատարել է մեղսագրված արարքը՝ խուլիգանություն՝ բռնության գործադրմամբ:
Դատարանը հաշվի առավ, որ Սուսաննայի խնամքին մեկ անչափահաս երեխա կա:

Սուսաննա Թ.-ն մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով և դատապարտվեց 100 հազար դրամ տուգանքի: