19:08 , 20 մարտ, 2015
Armlur.am-ը գրում է.
Երեկ ժամը 08:30-ի սահմաններում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում էր ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհված ՊԲ 3 զինծառայողներից մեկը` Աշտարակ քաղաքի բնակիչ 18-ամյա Էդուարդ Հայրապետյանը, սոցիալապես անապահով ընտանիքում էր ապրում, հազիվ օրվա հացն էին կարողանում հայթայթել:
Այս մասին Armlur.am-ին հայտնեց Աշտարակի քաղաքապետի տեղակալ Գևորգ Եղիազարյանը, ում փոխանցմամբ` Էդուարդը ծանր և դժվար մանկություն է ունեցել: «Շատ դժբախտ երեխա է եղել դեռ մանկուց: Շատ փոքր էր, երբ հայրն ազատազրկվեց 10 տարով: Հետո վերադարձավ տուն, մայրը թողեց-գնաց Էդուարդի երկու քույրերի և կրտսեր եղբոր հետ Ռուսաստան, նա մնաց հոր կողքին: Հիմա տատի, հորեղբոր, վերջինիս 4 անչափահաս երեխաների և հոր հետ է ապրում: Հորեղբոր կինն էլ թողեց-գնաց, երեխաներին չտարավ հետը: Բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու նպատակներ, որքանով ես գիտեմ, չուներ, քանի որ հնարավորություններ էլ չունեն առանձնապես, որպեսզի կարողանար սովորել:
Միշտ ասում էր, որ ծառայի վերջացնի, լավ աշխատանք կգտնի, որպեսզի կարողանան նորմալ ապրել»,- պատմեց մեր զրուցակիցը: Վերջինիս փոխանցմամբ` ողջ Մղնուս գյուղն է (խմբ. Աշտարակի Մղնուս կոչվող թաղամասը նախկինում գյուղ է եղել) սգում Էդուարդի մահը: Գևորգ Եղիազարյանը պատմեց, որ անժամանակ մահացած զինծառայողի հարազատներն ու ծանոթներն այսօր միաբերան կրկնում էին, որ թեև այդ ընտանիքը ծայրաստիճան աղքատ էր, սակայն երբևէ որևէ օգնության հարցով քաղաքապետարան չի դիմել, միշտ իրենց ուժերով կարողացել են գոյատևել. «8 հոգով մի տան մեջ ապրում են, միշտ համերաշխ, սիրով: «Բոմժի» հոգեբանություն երբեք չեն ունեցել:
Նրանց տանը խոսում էին, որ Էդուարդը սիրած աղջիկ ուներ, պատրաստվում էր զորացրվելուց հետո ամուսնանալ: Հարևանները, մտերիմները, քաղաքապետարանն էլ իր հերթին միավորվել են, որպեսզի ինչ-որ կերպ կարողանան օգնել այս դժբախտ ընտանիքին: Ու ոչ միայն հուղարկավորության հարցերով, այլև ապագայում նույնպես»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ