Իրականում ի՞նչ էր թաքնված Դիանա Մալենկոյի բարձրացրած սկանդալի հետևում. դա PR քա՞յլ էր, թե՞ իրական սարսափ


15:17 , 20 մարտ, 2015

«Արմնյուզ» հեռուստաընկերության «Երեկոյան Երևան» հաղորդման երեկվա թողարկումն ուղեկցվեց սկանդալով. ուղիղ եթերի ժամանակ հաղորդավարուհի Դիանա Մալենկոն սարսափահար դուրս վազեց տաղավարից, երբ հյուրը թութակի հետ ներս մտավ։

BlogNews.am-ի հետ զրույցում նա ասաց, որ իրավիճակն իր համար շատ տհաճ էր։ «Ես այսքան տարի աշխատում եմ եթերում, և սա իմ ամենամեծ բացթողումն էր, սակայն... Ես էլ եմ մարդ, իսկ ֆոբիան այնպիսի բան է, որ չես կարող քեզ կառավարել։ Կան ֆոբիաներ, որոնք միայն քեզնից են կախված, օրինակ բարձրության ֆոբիան հաղթահարելու համար պետք է ինքդ գաս այդ հոգեվիճակին, բայց այս դեպքում միայն քեզնից չի կախված. թութակը կարող է թևերը բացել, և տեղում ինֆարկտ ստանաս»,- նկատեց նա։

Հաղորդավարուհին պատմեց, որ ֆոբիան իր մոտ մանկուց է։ «Եթերից հետո մայրիկիս հետ փորձում էինք հիշել, թե ինչից է այն առաջացել, չկարողացանք։ Մասնավորապես վախենում եմ աղավնիներից, թութակներից, թիթեռներից, քանի որ նրանք մոտ են գալիս։ Օրինակ՝ ագռավները հեռվում են, չեմ վախենում, եթե նրանք էլ մոտենան, նույն իրավիճակը կստեղծվի»,- ասաց հաղորդավարուհին ու հավելեց, որ հստակ գիտակցում է, որ նրանք չեն կարող վնասել իրեն, բայց սարսափում է։ «Ես սիրում եմ կենդանիների։ Շներից, օձերից, կապիկներից չեմ վախենում, նույնիսկ առյուծներից այդքան չեմ վախենում, բայց սա այլ բան է. անբացատրելի զգացողություն է, դառնում ես անկառավարելի ու չես կարողանում պատասխանատու լինել քեզ համար։ Ինձ թվում է՝ ես փետուրից եմ վախենում, որովհետև նույնիսկ փետուրով բարձով չեմ քնում»,- նշեց Դիանան։

Նրա փոխանցմամբ՝ փորձել է պայքարել ֆոբիայի դեմ, սակայն առաջին՝ նկարների փուլից առաջ չի անցել։ «Ես նույնիսկ նկարներից եմ վախենում։ Ամեն անգամ Եվրոպա գնալն էլ ինձ համար աղետ է, քանի որ այնտեղ աղավնիները շատ են։ 3 ամիս հոգեբանորեն նախապատրաստվում եմ, բայց գնում եմ ու էլի հիստերիայի մեջ ընկնում. այնտեղի հրապարակներում աղավնիները շատ-շատ են ու չեն վախենում մարդկանցից, նույնիսկ քշելուց հետո չեն գնում։ Արդյունքում՝ ես ոչ մի քաղաք չեմ վայելում։ Հյուրանոցից գրեթե դուրս չեմ գալիս, միայն ուշ ժամերի եմ զբոսնում քաղաքով։ Դա ինձ համար կյանքի մեծ խնդիր է դարձել, սակայն չեմ կարողանում հաղթահարել»,- ընդգծեց դերասանուհի-հաղորդավարուհին։

Դիանայի խոսքով՝ ղեկավարությունը սատարել է իրեն։ «Բոլորի մոտ շոկ էր։ Հրաչ Քեշիշյանն էլ հանգստացնում էր ինձ։ Պարզ է, որ չէին գովերգելու քայլս, բայց ըմբռնումով մոտեցան։ Ես նախապես զգուշացրել էի, որ ֆոբիա ունեմ։ Ամեն բան կազմակերպված էր այնպես, որ ես պետք է տաղավարից դուրս գայի, հյուրերը գային, իրենց գնալուց հետո ես կվերադառնայի։ Սակայն եթերաժամը խախտվել էր, էդ տղան ներս մտավ, Արտակն էլ չէր պատկերացնում, որ այդ աստիճանի ֆոբիա ունեմ, ասաց՝ համեցեք ու եղավ այն, ինչ եղավ... Այդ պահին բարձրախոսն էլ չէի կարողանում հանել, և խուճապս կրկնապատկվեց։ Ես շատ տհաճ վիճակում էի. ինձ մոտ միախառնվել էին վախը, քանի որ ուրիշ սենյակ գնալուց հետո էլ սարսափած էի, և այն իրավիճակը, որ ստեղծվեց ուղիղ եթերում։ Բացի այդ, սկսվեցին զանգերը, ու շատ նեղվեցի»,- նշեց նա։

Անդրադառնալով շրջանառվող վարկածին, թե դա նորաստեղծ հաղորդման վրա ուշադրություն սևեռելու համար արված PR քայլ էր, իսկ Դիանան դերասանուհի է, և լավագույնն ինքը կարող էր ստանձնել այդ դերը, նա ասաց, որ նույնիսկ տարիներ առաջ իր հարցազրույցներում, հաղորդումների ժամանակ նշել է այդ ֆոբիայի մասին, և իրեն ճանաչողնների համար դա նորություն չէ։

Զրույցի վերջում Դիանան ներողություն խնդրեց բոլոր հեռուստադիտողներից։ «Երեկ էլ կարողացա ինձ հավաքել և ուղիղ եթերում շարունակել աշխատանքս, բայց կրկին ներողություն եմ խնդրում»,- ասաց հաղորդավարուհին ու հավելեց, որ այսօր էլ է ուղիղ եթերում վարելու «Երեկոյան Երևանը»։

Ամալյա Հովհաննիսյան