10:55 , 20 մարտ, 2015«Հրապարակ» օրաթերթը, անդրադառնալով համայնքների խոշորացման ծրագրին, գրում է. «Ավելի քան երեք տարի է, ինչ այս ծրագիրը թմբկահարվում է որպես դարի բարեփոխում։ Տիգրան Սարգսյանի օրոք սկիզբ առած ծրագիրը Հովիկ Աբրահամյանի օրոք է կյանքի կոչվելու։ Գյուղացիների վերաբերմունքը այս փոփոխության միանշանակ չէ։
Շատերը դժգոհում են, քանի որ բախվելու են մի գլխավոր խնդրի՝ բյուրոկրատական քաշքշուկների։ Մի թղթի ու հարցի համար պիտի կիլոմետրեր կտրեն ու հասնեն գյուղապետարան, իսկ բազմաթիվ գյուղերում անգամ տրանսպորտ չի աշխատում, եղածն էլ շատ վատ է, էլ չենք խոսում ճանապարհների վիճակի մասին։ Բայց, տեխնիկական հարցերից բացի, սա հանգեցնելու է նաև գործազրկության, այսինքն՝ 14 գյուղի միավորման դեպքում լուծարվելու է գյուղապետարանի աշխատակազմը։ 7-8 գյուղ միավորվելու է մեկ համայնքում, լինելու են մեկ գյուղապետ ու միավորվող գյուղերից մեկական ներկայացուցիչ»,– գրում է թերթը։
Նաև նշվում է, որ խոշորացման հարցը մայիսի 17-ին հանրաքվեի կդրվի Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերի մի շարք գյուղերում՝ պարզելու համար, թե բնակիչները համաձա՞յն են արդյոք խոշորացմանը։
«Մարզպետարաններից արդեն հրահանգը կա՝ կողմ քվեարկել կառավարության բարեփոխմանը։ Գյուղացիներին հուսադրել են, թե միավորվելու դեպքում բյուջեի տնտեսումների հաշվին ներդրումներ կլինեն, բիզնես ծրագրեր կիրականացվեն, և կարճ ժամանակ անց այն կդառնա ծաղկուն գոտի»,– գրում է թերթը և ավելացնում. «Փաստորեն, կառավարությունն իր հաճույքների վրա միլիոններ է վատնում պետբյուջեից, իսկ խնայելու փորձերն արվում են դատարկվող ու հեռավոր գյուղերի բնակիչների հաշվին»։