Արտաքին քաղաքականությանը վերաբերող ելույթներում Սերժ Սարգսյանն իրենց զգում է ինչպես ձուկը ջրում


16:18 , 19 մարտ, 2015

Ինչ ուզում եք՝ ասեք, բայց արտաքին քաղաքականությանը վերաբերող ելույթներում, մանավանդ, եթե դրանք միջազգային հավաքների մակարդակով են արվում, Սերժ Սարգսյանն իրենց զգում է ինչպես ձուկը ջրում։
«Արարատի ստորոտին» ֆորումի ժամանակ թուրք լրագրողի տված հարցին Սերժը պատասխանեց այնպես, որ ես կրկին հաճելիորեն զարմացա, թե ինչպես է նախագահն առանց նախօրոք պատրաստված տեքստի, բայց շատ ճիշտ ու դիպուկ շեշտադրումներով պատասխանում։ 
Ու իրոք, ուշադրություն դարձրեք, տակտի ու դիպլոմատիզմի ինչ զգացումով է Սարգսյանը խուսափում Էրդողանի հռետորաբանության մակարդակին իջնելուց ու հանդես գալիս ոչ թե ինչ-որ նացիոնալիստական հանրահավաքում բանախոսի կարգավիճակում, այլ որպես պետության ղեկավար, ով առաջնորդվում է պրագմատիզմով ու քաղաքակիրթ պետությանը հարիր արժեհամակարգով։ Կառանձնացնեի Սերժ Սարգսյանի պատասխանի հիմնական մեխերը։

- Ես երբեք թույլ չեմ տվել ու թույլ չեմ տա վիրավորական արտահայտություններ անել ադրբեջանցի ու թուրք ժողովուրդների մասին... Հայտնի են դեպքեր, երբ առանձին թուրքեր ու ադրբեջանցիներ իրենց շատ ավելի արժանավայել են դրսևորել, քան որոշ հայեր...

Դուրս եկավ, որովհետև թե՛ Էրդողանն ու թե՛ հատկապես Ալիևն իրենց ճառերում այնպիսի արտահատություններ են թույլ տալիս, որոնք հարիր են ֆաշիստական ռեժիմների ղեկավարների, որովհետև գերհագեցած են այլատյացությամբ ու քսենոֆոբիայով, իսկ Սերժը որդեգրում է քաղաքակիրթ կեցվածք ու մեսիջ հղում թուրքական մտավորականությանը, որ իրենց չարչարանքներն աննկատ չեն մնում մեր կողմից ու գնահատվում են։

- Ադրբեջանի գործոնն անկասկած է արձանագրությունների ձախողման պատմությունում...

Այսինքն, Սարգսյանը ևս մեկ անգամ հիշեցնում է թուրքերին, որ եղբայր, այդ դուք սկսեցիք խախտել պայմանավորվածություններն ու նախապայմաններ առաջ քաշել ու դա արեցիք Ադրբեջանի ճնշման տակ, այնպես որ, պատճառը ձեր մեջ փնտրեք ու ձեր դաշնակցի, իսկ մենք ազնիվ էինք խաղում։

- Մենք չենք ընտրել մեր դիրքն ու պետք է համակեցության կանոններ մշակենք, որովհետև ոչ մեկս չի գնալու այստեղից։

Այլ կերպ ասած՝ Սարգսյանը բաց տեքստով ասում է, որ անկախ ամեն ինչից՝ Հայաստանն ու Թուրքիան գոնե աշխարհագրական իմաստով հարևաններ են, ու բնական է, որ Հայաստանն ուզում է նորմալ հարաբերություններ պահպանել իր հարևանի հետ, իսկ տողատակով գնում է այն մեսիջը, որ մենք ձեզ հետ կռիվ չենք փնտրում ու նորմալ հարաբերություններ ենք ուզում կառուցել՝ դեպ ապագան միտված, այդ դուք եք, որ ինչ-որ պատրանքների մեջ եք ու այնպիսի կեցվածք եք որդեգրել, ասես օրերից մի օր հայերը հավաքվելու են ու գնան էստեղից, կամ էլ հայերն են նստած սպասում, թե դուք երբ եք դա անելու։

Մի խոսքով, գոհունակություն պատճառող ելույթ էր, և այն դրվագներից է, երբ որպես ՀՀ քաղաքացի՝ ինձ դուր է գալիս երկրիս ներկայացվածությունն ու դիրքորոշումը՝ ի դեմս այդ երկրի ղեկավարի։