Իսլամացած հայ կանանց պատմությունը. «Տատիկին դաջվածքները»


12:09 , 19 մարտ, 2015

Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության քաղաքականությունն սկսվեց տղամարդկանց ոչնչացմամբ, որին հաջորդեց ազգաբնակչության մնացած մասի մասսայական տեղահանությունը դեպի սիրիական անապատներ: Այս տեղահանությունները շուտով վերափոխվեցին «մահվան երթերի»: Տեղահանվածների քարավանները հիմնականում բաղկացած էին ծեր տղամարդկանցից, կանանցից ու երեխաներից: Բազմաթիվ կանայք ճանապարհին առևանգվում էին օսմանյան բանակի զինվորների, քրդական ավազակախմբերի կամ բեդվինների կողմից, իսկ նա, ով կփորձեր դիմադրել նրանց, մահվան էր դատապարտվում: Տասնյակ հազարավոր կանայք և երեխաներ մահացան անապատների ճանապարհներին, մինչդեռ ուրիշներն անարգանքից և բռնությունից խուսափելու համար ինքնասպան եղան:



Հայոց ցեղասպանության արդյունքում հազարավոր հայ կանայք առևանգվեցին իրենց ընտանիքներից, սովորաբար տեղահանության ընթացքում կամ գիշերակացի ժամանակ: Բնաջնջման պետական քաղաքականության առաջին փուլում հայ տղամարդկանց մասսայական սպանության կազմակերպումից հետո օսմանյան կառավարիչներն իրագործեցին ցեղասպանության քաղաքականության հաջորդ կանխամտածված քայլը` տեղահանելով Օսմանյան կայսրությունում հայ ազգաբնակչության մնացած մասին, այս անգամ արդեն թիրախ դարձնելով ծերերին, կանանց և երեխաներին:

Առևանգված և մուսուլմանական ընտանեկան կյանք ներգրավված որոշ կանայք ժամանակի ընթացքում մոռացել էին իրենց հայկական ինքնությունն ու մայրենի լեզվով խոսելու ունակությունը: Սիրելիների և սեփական կյանքը փրկելու համար շատ հայ կանայք իրենց կամքին հակառակ մահմեդականություն էին ընդունում: Նրանք ի վերջո ամուսնանում էին մուսուլման տղամարդկանց հետ և համաձայն տեղի ցեղային ավանդույթների՝ հատուկ դաջվածքներ ստանում: Մերձավոր Արևելքում և իսլամական երկրներում դաջվածքները լայնորեն օգտագործվում են որպես թալիսմաններ, և այն կրողները հավատում են, որ իրենց վրա նկարված նշանները մոգական ուժ ունեն: Այս դաջվածքները հաճախ կետերի կամ փոքրիկ «x»-ի տեսք ունեին և իբր պաշտպանում, ուժ կամ պտղաբերություն էին տալիս դրանք կրողներին: 

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո բազմաթիվ հայկական կազմակերպություններ և օտարազգի միսիոներներ օգնեցին կանանց և երեխաներին ազատվել իրենց գերողներից: Փրկության այս առաքելությունները վերածվեցին մեծածավալ գործողությունների, որոնք լի էին վտանգներով: Մասնավորապես դանիացի միսիոներուհի Քերեն Եփփեն, համագործակցելով արաբական ցեղերի առաջնորդների հետ, մինչև 1928թ. մուսուլման գերողներից կարողացավ փրկել 2000 հայ կին և երեխա: Նրա օգնությամբ մի շարք վայրերում հիմնվեցին այրիանոցներ, ուր ապաստան գտան դաժան չարչարանքների զոհ դարձած բազմաթիվ հայ կանայք:


Դիտեք նաև Սյուզան Խարտալյանի «Տատիկին դաջվածքները» վավերագրական ֆիլմը։