10:25 , 19 մարտ, 2015
Tert.am-ը գրում է.
«Եվրանեսթ» ԽՎ-ում Ուկրաինան ներկայացնող համանախագահ Բորիս Տարասյուկը, ով երեկ վատ էր արտահայտվել ԼՂ հակամարտության հարցում Հայաստանի դիրքորոշման հարցում, ավարտել է համանախագահի իր պաշտոնավարումը ու ռոտացիոն կարգով նրան է փոխարինել Վրաստանը ներկայացնող Վիկտոր Դոլիձեն: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ Ուկրաինայի նախկին արտգործնախարարը միշտ էլ ադրբեջանամետ է եղել:
Հիշեցնենք, որ նա երեկ Հայաստանի խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հանդես էր եկել վրդովեցուցիչ հայտարարությամբ, ըստ որի` Ղարաբաղյան հակամարտության մեջ Հայաստանը ճիշտ չէ:«Մենք ունենք շատ հստակ դիրքորոշում ԼՂ հակամարտության հարցում: Մենք գտնում ենք, որ այդ հակամարտության մեջ Հայաստանը սխալ է»,- ասել է նա:
Թևան Պողոսյանը կարծում է, որ Ուկրաինայում հայկական համայնքը պետք է արձագանքի Տարասյուկի հայտարարությանը, իսկ ուկրաինական ԱԳՆ էլ հայկական լրատվամիջոցների համապատասխան գրության հիման վրա ներկայացնի, թե որն է Ուկրաինայի պաշտոնական տեսակետը:
«Պետք է համարել, թե ով է ասում, ինչ պայմաններում և չմոռանանք, որ այսօրվա դրությամբ Տարասյուկը մի փոքր խմբի ներկայացուցիչ է ուկրաինական Ռադայում, որը չի կարողացել ընտրություններում ապահովել մեծամասնություն, Ուկրաինայի նախկին արտգործնախարարն է, որը միշտ ավելի շատ եղել է ադրբեջանամետ և այդ օրն էլ անձնապես իր կյանքի համար ինչ-որ ցավալի իրավիճակ է եղել երևի, որովհետև ինքը համանախագահությունից զրկվել է Եվրանեսթում ռոտացիայի մեխանիզմով»,- ասաց Թևան Պողոսյանը:
Ի պատասխան հարցի, թե հայ պատգամավորները չեն փորձել պարզել, թե ինչու է նա նման հայտարարություններ անում:Թևան Պողոսյանն ասաց, որ գոնե ինքն անձնապես նման փորձ չի արել, որովհետև խորապես արհամարհում է նման մարդկանց: