«Հայկական ժամանակ». Հովիկ Աբրահամյանը միջոցներ է ձեռնարկում ԲՀԿ-ի խուճապային կազմաքանդումը կանխելու համար


08:16 , 19 մարտ, 2015

«Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը միջոցներ է ձեռնարկում ԲՀԿ-ի խուճապային կազմաքանդումը կանխելու համար: Նրա բանագնացները ԲՀԿ կառույցների ազդեցիկ դեմքերին համոզում են մնալ կուսակցությունում:

Վարչապետը լուրջ հայսեր է կապում ԲՀԿ-ի հետ և մտածում է, որ եթե հնարավոր լինի պահպանել այդ կուսակցության գոնե կեսը, դա կարող է իրեն օգնել 2017-18թթ. իշխանության տրանսֆորմացիայի ընթացքում առավել նպաստավոր դիրքեր ունենալու համար: Քաղաքական դաշտում խոսակցություններ են շրջում, թե նաև այս է պատճառը, որ Գագիկ Ծառուկյանը իր նախկին կուսակիցներին հրահանգում է հեռանալ ԲՀԿ-ից: Ասում են՝ այսպիսով նա վրեժ է լուծում իր խնամի Հովիկ Աբրահամյանից, ով փետրվարի 12-ի ՀՀԿ խորհրդի նիստում հրապարակային սպառնաց բամփել Գագիկ Ծառուկյանի գլխին: Ասում են, Ծառուկյանին տխրահռչակ այդ նիստից ամենաշատը վիրավորել է հենց իր խնամի Աբրահամյանի ելույթը ու նա որոշել է առավելագույնն անել, որ վնասի ԲՀԿ-ն սեփական քաղաքական նպատակների համար օգտագործելու Աբրահամյանի ծրագրերին»,–գրում է թերթը։