Աշխարհի լավագույն 5 մրցավարները


23:37 , 18 մարտ, 2015

5.Ֆելիքս Բրիխ. գերմանացի մրցավարն իր կարիերան սկսել է 2004 թվականից` սպասարկելով Բունդեսլիգայի հանդիպումներ: Այնուհետև արդեն 2008-2009 թվականներից սկսել է վարել Չեմպիոնների Լիգայի հանդիպումներ: Այս մրցավարը նաև դասվեց 2014 թվականին կայացած աշխարհի առաջնության լավագույն մրցավարների շարքին: Բրիխը սպասարկել է նաև աշխարհի առաջնության նախընտրական փուլի Հայաստան-Բուլղարիա հանդիպումը:

4.Անտոնիո Միգել Մատեո Լաոս. 38-ամյա իսպանացին ՖԻՖԱ-ի մրցավար է 2011 թվականից սկսած, հենց նույն տարում էլ սկսել է սպասարկել Չեմպիոնների լիգայի մի շարք հանդիպումներ, հասցրել է բազմաթիվ անգամ սպասարկել Բարսելոնայի և Ռեալ Մադրիդի միջև կայացած հանդիպումները: Մինչ օրս շարունակում է իր մրցավարական կարիերան:

3.Հովարդ Վեբ. 2003-ից մինչև 2014-ն ընկած ժամանակահատվածում սպասարկել է անգլիական Պրեմիեր լիգայի հանդիպումները: 2013 թվականին ճանաչվել է որպես աշխարհի լավագույն մրցավար: 2010 թվականին սպասարկել է Չեմպիոնների լիգայի և Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումները: 43-ամյա մրցավարն ավարտել է իր կարիերան 2014 թվականին:

2.Նիկոլա Ռիցոլի. իտալացի այս մրցավարն ազատ ժամանակ սիրում է զբաղվել ճարտարապետությամբ: Հայտնի մրցավարը սպասարկել է Աշխարհի 2014 թվականի առաջնության եզրափակիչ Արգենտինա-Գերմանիա հանդիպումը, ինչպես նաև 2013 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ Բորուսիա-Բավարիա հանդիպումը: Իր առաջին պաշտոնական հանդիպումն Իտալիայի առաջնություններում սկսել է սպասարկել 2002 թվականից:

1.Պիերլուիջի Կոլինա. համեմատած իր տարիքով ավելի կրտսեր գործընկերոջ` Նիկոլա Ռիցոլիի հետ, Կոլինան համարվում է մրցավարների բոլոր պատմության ամենախիստ մրցավարներից մեկը: Մրցավար, ում որոշումներն անբեկանելի էին: Մրցավար, ում շատ քիչ ֆուտբոլիստներ էին «համարձակվում» հակառակվել: Մրցավար, ում գրեթե երբեք ոչ ոք չէր ասում` «ծախված է»: Կոլինան 6 անգամ ճանաչվել է աշխարհի լավագույն մրցավար, իսկ 2012 թվականին նրան տրվեց վերջին 25 տարիների աշխարհի լավագույն մրցավարի կոչումը:

Աղասյան Դավիթ