14:58 , 18 մարտ, 2015
Shamshyan.com-ը գրում է.
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագաթանգեղոս փողոցի 7-րդ շենքի բակում պայթյունի ձայն է լսվել: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 1 հրշեջ-փրկարարական խումբը՝ 1 մարտական հաշվարկով, ինչպես նաև 1-03 շտապ օգնության բրիգադը: Ժամանել է նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ Կենտրոնի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ: Նշված վայրում հրշեջներն ու ոստիկանները հայտնաբերել են կայանված վիճակում գտնվող Վազ 2121 մակնիշի 48 DV 888 համարանիշի ավտոմեքենան, որի հետևի անվադողերը հավանաբար պայթյունի հետևանքով խոտանվել են, իսկ «Նիվա»-ի տակ վնասված է նաև ասֆալտի մի հատված: Պայթյունի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի մասին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանում են Կենտորանական բաժնի քննիչները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ