05:34 , 18 մարտ, 2015
Lurer.com–ը գրում է.
Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացումը կարող է հանգեցնել համաշխարհային շուկայում նավթի առաջարկի էական ավելացման, որն առանց այդ էլ տուժում է գերարտադրությունից. այդ երկյուղներն ԱՄՆ-ում նավթի գները վերադարձրել են վեց տարվա ընթացքում նվազագույն ցուցանիշին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 17-ին հաղորդել են արևմտյան զանգվածային լրատվամիջոցները:
«Եթե պատժամիջոցները վերացվեն, մենք կարող ենք մի քանի ամսում օրական մեկ միլիոն բարելով ավելացնել արտահանումը»,- հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանեն: Նրա ելույթն առաջինը հաղորդել է Իրանի Shana նորությունների գործակալությունը:
Նախարարն սպասում է, որ Իրանից լրացուցիչ մատակարարումներն «էական ազդեցություն չեն գործի նավթի գների և աշխարհի շուկաների վրա»:
Էներգետիկայի միջազգային գործակալության տվյալներով՝ փետրվարին Իրանից նավթի մատակարարումները կազմել են օրական շուրջ 1,2 մլն բարել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: