00:09 , 18 մարտ, 2015
Tert.am-ը գրում է․
Ազգային կինոկենտրոնը գրություն է ուղարկել Youtube` առաջարկելով հեռացնել Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» (1969) ֆիլմի վրա ամերիկացի երաժիշտ Նիկոսլաս Ջարի գրած սաունդթրեքը, և այն հեռացվել է:
Այս մասին Tert.am-ին հայտնեց «Ազգային կինոկենտրոնի» մամուլի քարտուղար Ռուզան Բագրատունին:
Հիշեցնենք,ո ր «Ազգային կինոկենտրոնը» նամակներ է ուղարկել ամերիկացի երաժշտին ` հարցնելով, թե ինչ իրավունքների հիման վրա է փոխել է երաժշտությունը և այն դրել Youtube-ում, կամ ո՞վ է նրան տվել այդ իրավունքը:
«Մենք փորձում ենք պարզել, թե ով է տվել նրան այդ իրավունքը, բայց մենք չենք գտնում հետքը: Մենք մի քանի անգամ նամակներ ենք գրել իտալիալական տարբեր ֆոնդերի, որոնք ֆիլմի ` առանց շահույթ հետապնդելու տարածման իրավունք ունեն։ «Նռան գույնը» համարվում է համաշխարհային մշակութային ժառանգության մաս, և պարզ է, որ ֆիլմի երաժշտության վերագործիքավորման իրավունք իրեն ոչ ոք չի տվել»,-ավելացրեց Ռուզան Բագրատունին:
Երբ պարզվի ամերիկացի երաժշտին նման իրավունք տվողների վերջնական ցանկը, կինոկենտրոնը համապատասխան որոշումներ կկայացնի: