ԵՄ-Հայաստան գործակցության ոլորտները կարող է որոշել քաղհասարակությունը


22:34 , 17 մարտ, 2015

Tert.am-ը գրում է․

Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի շրջանակում Երևանում ընթացող Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրների քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հայտարարեց, որ Արևելյան գործընկերության 6 պետություններին չի կարելի մեկ չափման միավորի մեջ ներառել, ինչից ելնելով՝ կարևորել է քաղաքացիական հասարակության դերն այս գործընթացում:

Հարցի հետ կապված Tert.am-ի հետ զրույցում իրենց կարծիքը հայտնեցին Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը և  «Միջազգային անվտանգության հարցերի ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Ստյոպա Սաֆարյանը:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը մեզ հետ զրույցում նախ ընդգծեց, որ չի կարծում, թե ԵՄ-ի վերաբերմունքը  առանձնապես պետք է փոխվի Հայաստանի նկատմամբ, քանի որ ԵՄ-ն այսօր պատրաստ է բավականին տարբերակված մոտեցումներ արտահայտել ԱլԳ 6 երկրների նկատմամբ և, բնականաբար, հաշվի է առնում այդ երկրների ակնկալիքները ԵՄ-ի հետ համագործակցությունից:

«Հայաստանն այս երկրներից ամենաանորոշ վիճակում գտնվողն է. 6 երկրներից 3-ը ստորագրել են Ասոցացման համաձայնագիրը, երկուսը այդպիսի հարց օրակարգում երբեք չեն ունեցել, բայց հստակ առաջարկում են ոլորտները, որտեղ պատրաստ են համագործակցել, իսկ Հայաստանը  իր ակնկալիքները հստակ չի ներկայացնում: Քաղաքացիական հասարակության դերը կարող է կարևոր լինել հենց այստեղ՝ ներկայացնելով օրակարգը, որը պետք է լինի Հայաստան-ԵՄ հարաբերությունների հիմքում: Քաղաքացիական հասարակությունը կարող է որոշել այն ոլորտները, որտեղ ԵՄ-ի աջակցությունը կարող է առավել արդյունավետ լինել»,-ասաց նա:

Բորիս Նավասարդյանն ընդգծեց, որ այստեղ խնդիրը քաղաքացիական հասարակության ձայնը լսելի  դարձնելն է: Ըստ նրա՝ քաղաքացիական հասարակությունը պետք է հստակ վերահսկողության մեխանիզմներ ձեռք բերի, որպեսզի Հայաստանի և Եվրամիության միջև որևէ փաստաթղթի ստորագրման պայմաններում պարտավորեցնի կողմերին հետևել դրույթներին:

«Այդ մեխանիզմները դեռևս մշակված չեն, քանի որ չկա իրավաբանորեն կաշկանդող ու պարտադրող փաստաթուղթ ԵՄ-ի ու Հայաստանի միջև։ Եթե այդ փաստաթուղթը չկա, ուրեմն չկան նաև գործընթացի գնահատման մեխանիզմները, որում քաղաքացիական հասարակությունը կարող է ներդրում ունենալ: Բայց արդյո՞ք ունի ներուժ այդ նույն հասարակությունը։ Կարծում եմ՝ ունի, մանավանդ այն կազմակերպությունները, որոնք մասնագիտացված են կոնկրետ ոլորտներում»,-ասաց նա:

Tert.am-ի հետ զրույցում «Միջազգային անվտանգության հարցերի ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Ստյոպա Սաֆարյանը նկատեց, որ համամիտ է Արտակ Զաքարյանի հետ:

«Ի վերջո, Արևելյան գործընկերությունը մի մակարդակ բարձր է, քան «Եվրոպական հարևանության» քաղաքականությունը, որը շատ ավելի հավասար վերաբերմունք էր ցույց տալիս երկրներին, իսկ Արևելյան գործընկերությունը ստեղծվել էր, որպեսզի մի կողմից ԵՄ-ն, մյուս կողմից ԱլԳ անդամ երկրներn ըստ կարիքների ձևակերպեն, վերաձևակերպեն իրենց հարաբերությունները»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Հետևաբար, նրա ամփոփմամբ, աջակցությունը պետք է լինի ըստ յուրաքանչյուր երկրի կարիքի. «Չի կարող հետ մնացող, ծույլիկ երեխայի պատճառով տուժի լավ սովորողը»։

 Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ ընդգծեց, որ եթե որևէ պետություն ցանկանում է մերձենալ Եվրոպական կառույցների հետ՝ լինի ինտեգրացիա կամ ասոցացում, երկրի ներսում իշխանությունն ու հասարակությունը պետք է համատեղ ձգտեն այդ արժեքների ներդրմանը:

«Մի կողմից քաղաքացիական հասարակությունը պետք է աջակցի, և քննադատությամբ հանդես գա, բայց  դա պետք է անի իշխանության հետ համատեղ, քանի որ հնարավոր չէ առանց դրա այդ արժեքները ներդնել երկրի մեջ։ Նպատակը դա է, որ համատեղ բարեփոխումներ իրականացվեն, բայց այդ համագործակցությունը քաղաքացիական հասարակության և իշխանության միջև ԵՄ-ի հետ ինտեգրվելու գործում ինչ աստիճանի կլինի, ժամանակը ցույց կտա»,-ասաց նա։