21:51 , 17 մարտ, 2015
Tert.am-ը գրում է․
Tert.am-ի հետ զրույցում թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը հայտարարեց, թե պետք չէ սևեռվել նրա վրա, թե ապրիլի 24-ին ովքեր են գալու Հայաստան, ով՝ Թուրքիա: Ըստ նրա՝ առավել կարևոր է, թե այդ երկրներն ի՞նչ ուղերձով են գալիս Հայաստան, նրանց ներկայությունն ինչպե՞ս է ծառայելու համահայկական ծրագրերին։ Վահրամ Տեր-Մաթևոսյանը կիսում է թուրք հայտնի գործիչ Օզդեմիրի կարծիքը, որ ապրիլի 24-ին Թուրքիայում Գալիպոլիի միջոցառումների անցկացումը կունենա բումերանգի ազդեցություն, և հնարավոր չէ այդ ճակատամարտի 100-ամյակի միջոցառումներով կոծկել Ցեղասպանության 100-ամյա տարելիցը:
-Պարո՛ն Մաթևոսյան, հայտնի թուրք գործիչ Ջեմ Օզդեմիրը հայտարարել էր, որ եթե հնարավորություն ունենա խոսելու Թուրքիայի Նախագահի հետ, ապա Էրդողանին իր ուղերձն այն կլինի, որ վերջինս բացի Հայաստանի հետ սահմանը, որպես «յուրատեսակ քայլ` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ»: Անկախ Ջեմի կոչից, Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է հնարավոր հայ-թուրքական սահմանի՝ առանց նախապայմանների բացումը Թուրքիայի կողմից 100-րդ տարելիցի տարվա ընթացքում՝ որպես բարի կամքի քայլ, թեկուզ քարոզչական նպատակներով: Թե՞ ավելորդ ռոմանտիզմ է Թուրքիայից նման ժեստեր ակնկալելը։
-Նախ, պետք է նշել, որ Ջեմ Օզդեմիրը Գերմանիայի ծանրակշիռ քաղաքական գործիչներից մեկն է, և պատահական չէ, որ ժամանակին նրա ու Օբամայի միջև զուգահեռներ էին տարվում, և Օզդեմիրի համար ևս կանխատեսվում էր քաղաքական մեծ ապագա: Օզդեմիրի կուսակցությունը ևս կարևոր դերակատար է, հետևաբար, նման հայտարարությունը կարևոր է: Բուն հարցի վերաբերյալ ասեմ հետևյալը՝ Թուրքիան շարունակելու է իր քաղաքականությունը ու դրանից ետ կանգնելու հիմքեր չեմ տեսնում: Ես չեմ ընդունում «բարի կամքի քայլ» ձևակերպումը՝ անկախ նրանից, թե այն ինչ փաթեթավորմամբ կմատուցվի: Շուրջ քառորդ դար է, ինչ Թուրքիան միակողմանիորեն փակել է սահմանը՝ խախտելով միջազգային իրավունքի նորմերը և Հայաստանի տնտեսությանը հասցնում է մեծածավալ կորուստներ: Թուրքիան պարտավոր է բացել սահմանը: Մյուս կարևոր դիտարկումն այն է, որ ինչ քայլեր էլ, որ արվեն, դրանք չպետք է Հայաստանի համար դառնան անակնկալ: Չէի ցանկանում, որ Հայաստանը լինի միայն ինֆորմացիայի ու գործընթացի հետևանքների սպառողի դերում:
- Առայժմ հայտնի է, որ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ են գալու Պուտինն ու Օլանդը, շատ պաշտոնատար անձանց ու պատվիրակությունների հնարավոր այցելությունների մասին տեղեկատվությունը հայկական կողմից փակ է պահվում՝ գուցե մարտավարական նկատառումներով: Ձեր կանխատեսմամբ՝ ո՞ր պետությունները կլինեն Թուրքիայում, որոնք ` Հայաստանում: Ամերիկյան կողմի այցելությունների մասին ի՞նչ կասեք, կա կարծիք, որ տարբեր պատվիրակություններ կլինեն թե՛ Թուրքիայում, թե՛ Հայաստանում:
-Դեռ ամիսներ առաջ Թուրքիան հայտարարել էր, որ ավելի քան երեք տասնյակ երկրների ներկայացուցիչներ ներկա կլինեն Թուրքիայում: Իրականում դժվար է ասել, թե ինչքանով է այն համապատասխանում իրականությանը, և հատկապես ում վրա է Թուրքիան փորձում տպավորություն ստեղծել: Ինչպես Օզդեմիրն է նշում իր հարցազրույցում՝ ապրիլի 24-ին Գալիպոլիի միջոցառումների անցկացումը կունենա բումերանգի ազդեցություն, և հնարավոր չէ այդ ճակատամարտի 100-ամյակի միջոցառումներով կոծկել Ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Բոլորին հայտնի է օրը փոխելու իրական ու անազնիվ նպատակը: Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե որ երկրների ներկայացուցիչները կգան Հայաստան, կարծում եմ, առավել կարևոր է, թե այդ երկրներն ի՞նչ ուղերձով են գալիս Հայաստան, նրանց ներկայությունն ինչպե՞ս է ծառայելու համահայկական ծրագրերին: Սրա վրա պետք է ուշադրությունը սևեռենք, այլ ոչ թե այլ երկրորդական հարցերի վրա:
- Ակամայից այնպես է ստացվել, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը դարձել է նաև հայ-թուրքական քարոզչական պատերազմի «օբյեկտ»: Սա վատ է, բայց այդպես է, ու մեր մեղքով չէ, բայց քանի որ այդպես է, այս դեպքում հօգուտ» ո՞ր կողմի են առայժմ հաղթանակներ գրանցվել Ձեր կարծիքով:
-Երկու կողմն էլ պատրաստվել են՝ գործի դնելով անհամադրելի ֆինանսական ու մարդկային ռեսուրսներ: Հայության ակնկալիքները հասկանալիորեն ու տրամաբանորեն մեծ են, քանի որ հայությունն է հանդես գալիս պահանջատիրոջ դիրքերից: Թուրքիան պաշտպանական դիրքերից է հանդես գալիս՝ կիրառելով այդ քաղաքականությանը հարիր ամբողջ գործիքակազմը: Դեռ վաղ է արդյունքների մասին խոսելը: Վստահ եմ, վաղ կլինի նաև ապրիլի 25-ին այդ մասին խոսելը: Ցանկություն ունեմ հավատալու, որ սա վերածվելու է գործընթացի, և ապրիլի 24-ով հայ ժողովրդի պայքարը նոր լիցքեր է ստանալու:
-Հայտնի է, որ ապրիլի 24-ին Հայաստան են գալու 100 թուրք քրիստոնյաներ, որոնք թուրք ժողովրդի անունից ներողություն են խնդրելու հայերից, համատեղ աղոթք են անելու: Թուրք լայն հասարակության քանի՞ տոկոսի մոտ են հնարավոր նման հայացքներ ու տրամադրություններ:
-Դժվար է թվերի լեզվով խոսել, սակայն միևնույն ժամանակ անհերքելի է, որ ինքնության վերաբացահայտման անկասելի գործընթացը Թուրքիայում դեռ շարունակվում է: 1990-ական թթ. այն սկսեց ակտիվանալ, իսկ 2000-ականներից նոր ծավալներ ընդգրկեց: Դա հատկապես շոշափելի էր հայության պարագայում: Դրա մասին նշված էր անգամ Եվրահանձնաժողովի կողմից 2012 թ. պատրաստված Թուրքիայի առաջընթացի մասին ամենամյա զեկույցում: