21-ամյա Գևորգը «Օդնոկլասնիկի»-ում շփվել է 12-ամյա աղջկա հետ, ով 2 տարի անց փախել է տնից, որ ամուսնանա նրա հետ


21:39 , 17 մարտ, 2015

jhflsjhef1in.am-ը գրում է․

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ստեփանյանի նախագահությամբ ավարտվել է Գևորգ Բ.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 1991 թվականին ծնված Գևորգը 2012 թվականին «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է Լոռու մարզի գյուղերից մեկի անչափահաս բնակչուհի՝ 2000 թվականի մայիսի 2-ին ծնված, 12-ամյա Օլյայի (անունը փոխված է) հետ:

Շուրջ երկու տարի նրանք շփվել են համացանցում, համակրել են իրար և որոշել են ամուսնանալ:

2014 թվականի հունիսի 22-ին 14-ամյա Օլյան ընտանիքի անդամներից գաղտնի Գևորգի հետ ամուսնանալու նպատակով հեռացել է իրենց տնից:

Փոխադարձ համաձայնությամբ Գևորգն ու տասնչորսամյա աղջիկը բնակություն են հաստատել Գևորգի բնակարանում, ապրել են նրա ընտանիքի անդամների հետ:

Փոխադարձ համաձայնությամբ անչափահաս՝ տասնչորսամյա աղջկա հետ պարբերաբար սեռական հարաբերություններ ունենալու համար չափահաս Գևորգը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով:
Դատարանում Գևորգն իրեն մեղավոր է ճանաչել: Գործը քննվել է արագացված կարգով:

Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալն ու տուժողը համատեղ կյանք են վարում:

Տուժող աղջկա օրինական ներկայացուցիչը՝ մայրը, խնդրել է ամբաստանյալի նկատմամբ մեղմ վարվել:

Գևորգ Բ.-ն մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքի համար, դատապարտվել է 4 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել ու սահմանվել է 2 տարի փորձաշրջան: