16:08 , 17 մարտ, 2015
29-ամյա Ջենին Ֆուրն ավելի քան 63 կգ նիհարեց այն բանից հետո, ինչ տեսավ իր լուսանկարներից մեկը։ Այդ լուսանկարում նա նստած էր փայտե գոմեշի վրա։ Բանն այն է, որ լուսանկարում նա գոմեշից ավելի գեր էր։ Լուսանկարվելիս նա չէր նկատել այդ տարբերությունը, սակայն որոշ ժամանակ անց դիտելով իր լուսանկարը՝ այնքան նեղվեց, որ գոմեշի արձանն իրենից նիհար էր, որ հաստատապես որոշեց գոմեշին տալ-անցնել նրբակազմությամբ։

Նախքան այդ որոշումը նա հազիվ էր տեղավորվում 30 չափսի հագուստի մեջ։ Այս աղջիկը տարիներ շարունակ անառողջ սննդակարգ էր ունեցել, կերել էր ինչ պատահի, երբ պատահի։ Մի շարք բուժզննումներից հետո բժիշկները հայտնեցին, որ կարող են օղակ տեղադրել նրա ստամոքսին, ինչը կօգնի ապահովել քաշի անկումը, սակայն Ջենինը ցանկանում էր սեփական ուժերով նիհարել։ Նա անդամագրվեց «Weight Watchers» կազմակերպությանը, որն օգնում է ճարպակալմամբ տառապող մարդկանց ազատվել ավելորդ կիլոգրամներից։

Հետագա 3 տարիներին նա 65 կգ նիհարեց։ Նա ևս 9 կգ նիհարեց, երբ հղի էր իր երրորդ երեխայով՝ Ժասմինով։ Ժասմինն այժմ 20 շաբաթական է և իր նպատակասլաց մայրիկով հպարտանալու բոլոր հիմքերն ունի։ Այժմ Ջենինը մոտ 90 կգ է կշռում և կրում է 16 չափսի հագուստ։ Նա պարզապես լող է տալիս իր նախկին հագուստի մեջ։

Օրերս տված հարցազրույցներից մեկի ընթացքում Ջենինն ասել է.
Ես հսկայամարմին էի, ու իմ առողջությունը շատ էր տուժել քաշիս պատճառով, սակայն համբերությանս բաժակը լցվեց այն ժամանակ, երբ ես մի կերպ հեծնեցի այդ գոմեշը ու անգամ որոշ ժամանակ լռվել էի դրա վրա։ Երբ տեսա այդ լուսանկարը, ես սարսափած էի։ Ես գոմեշից գեր էի։

Գեր ժամանակ նա հազիվ էր շարժվում։ Փողոցում երբեմն նրան ծաղրում էին գիրության համար։ Մի անգամ ինչ-որ անծանոթ փողոցում լուսանկարեց նրան ու սկսեց բացահայտ քրքջալ։ Ջենինը բարդույթավորվում էր հասարակական վայրերում սնվել, քանի որ մարդիկ տարօրինակ հայացքներ էին նետում նրա ուղղությամբ։ Նրանց երևի թվում էր, թե Ջենինը շատակեր է, այնինչ իրականում միշտ չէ, որ սննդի քանակն է ճարպակալման հանգեցնում, երբեմն սննդի տեսակն ավելի մեծ ազդեցություն ունի քաշի ավելացման վրա։ Առողջ սննդակարգի, լողի ու պարբերական մարզումների շնորհիվ Ջենինին հաջողվեց անցյալում թողնել այս մղձավանջը։ Ջենինի պատմությունը կարող է ճարպակալմամբ տառապող բազում մարդկանց համար օրինակ ծառայել։ Հրաժարվելով վիրաբուժական միջամտությունից՝ նա ապացուցեց, որ ինքնուրույն կարող է հասնել ցանկալի արդյունքին։ Այժմ Ջենինը շարունակում է առողջ ապրելակերպ վարել ու խորհուրդ է տալիս մյուսներին չբարդույթավորվել արտաքին թերությունների պատճառով, այլ գործուն քայլեր ձեռնարկել դրանք վերացնելու համար։

Այժմ Ջենինն իր մարզչի հետ միասին է տեղավորվում իր նախկին անդավարտիքի մեջ։