15:20 , 17 մարտ, 2015
Tert.am-ը գրում է.
Հայտարարությունը, թե սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՀՀ ԱԺ պատգամավորների թիվը կարող է կրճատվել՝ 131-ից դառնալով 75, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը դեռ վաղ է համարում մեկնաբանել, քանի որ, ըստ նրա, դա կարող են անել միմիայն սահմանադրության նախագծի պատրաստ լինելուց և հրապարակելուց հետո։
«Այս պահի դրությամբ նման լուր մեկնաբանելու անհրաժեշտություն չկա։ Եթե մենք մի փոքր ավելի ուշադրությամբ հետևում ենք սահմանադրական բարեփոխումների ընթացքին և Նախագահի խոսքին, ապա կարող եմ ես պատկերացնել, թե ինչ է կատարվում։ Ընդամենը մասնագիտական խմբին հրահանգվել է, որպեսզի աշխատեն սահմանադրության նախագծի վրա, ոչ թե հայեցակարգի։ Այս դեպքում ես չեմ կարծում, որ այդ լուրերը հետաքրքրաշարժ դարձնելու առումով արժի ավելի մասնագիտական բովանդակային քննարկման առարկա դարձնել»,-Tert.am-ի հետ զրույցում նշեց նա։
Հովհաննես Սահակյանի խոսքով՝ մասնագիտական խումբն իր աշխատանքը պետք է վերջնական ներկայացնի և առնվազն լինի այդ նախագիծը, որպեսզի քաղաքական գործիչները, քաղաքական թիմերը տան իրենց գնահատականները, եզրակացությունը, մեկնաբանությունը, պարզաբանումը կամ տեսակետը։
Ըստ Սահակյանի, երբ նախագիծը պատրաստ լինի, կհստակեցվեն բոլոր թեզերը, այն ժամանակ էլ կարող են խոսել, թե որ դեպքում է նպատակահարմար և որ դեպքում՝ ոչ նպատակահարմար։
Իսկ թե սահմանադրության նախագծում չեն ընդգրկվո՞ւմ նույն առաջարկները՝ Հովհաննես Սահակյանը նշեց, որ ինքը հայեցակարգում առնվազն այդպիսի բան չի տեսել։
«Իսկ թե քննարկումների ժամանակ ինչ ուղղությամբ է գնացել, ի՞նչ քննարկումներ են եղել տարբեր քաղաքական ուժերի հետ, ես չեմ մասնակցել և չեմ կարող տալ որևէ բան ասել»,-եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել էր, թե սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՀՀ ԱԺ պատգամավորների թիվը կարող է կրճատվել և դառնալ 75: