Որպեսզի Հայաստանում իշխանափոխություն լինի, պետք է փոխվի կառավարման մոդելը. Վ. Բաղդասարյան


12:27 , 17 մարտ, 2015

Tert.am-ը գրում է.

Որպեսզի Հայաստանում իշխանափոխություն լինի, պետք է փոխվի կառավարման մոդելը. նման կարծիք այսօր հայտնեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հրավիրված մամուլի ասուլիսին՝ ընդգծելով, որ արտահերթ ընտրությունների արդյունքում իշխանության կգան կրկին հանրապետականները:

«Որպես անհատ, ես դեռ 90-ականներին կողմնակից եմ եղել խորհրդարանական մոդելին, բայց այն ժամանակ, երբ նոր էինք անկախացել, բռունցք էր պետք, ու դա կարող էր լինել նախագահական մոդելը: Մեզ ղեկավար էր պետք. քանի որ մենք 70 տարի սովոր էինք եղել ապրել լծի տակ: Բայց արդեն տարիները թելադրում են, որ պետք է փոխենք մոդելը: Խորհրդարանական կառավարման մոդելը ապագայի մոդել է, ու քաղաքական ուժերի հիմնական մասը միշտ կողմ էր դրան։ Հիմա, չգիտեմ ինչ է եղել, որ բոլորը դեմ են: Կարծում եմ, որ մենք միահեծան իշխանությունից պետք է հրաժարվենք»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը ՀՀ Նախագահի կողմից դրվել է քննարկման: Նախագահն այդ հարցով հանդիպումներ է ունեցել մի շարք խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ՝ պարզելու նրանց դիրքորոշումը:

Դիտարկմանը, թե կարծիք է հնչում, որ ՀՀ-ում կուսակցական համակարգը կայացած չէ, և անվտանգության խնդիր ունեցող երկրի պայմաններում այդքան էլ նպատակահարմար չէ խորհրդարանական կառավարման մոդելը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց.«Իհարկե մտահոգություններ կան, և եթե Նախագահը մտահոգություններ չունենար, հայեցակարգը գուցե արդեն  ստորագրված լիներ։ Դրա համար է, որ քննարկումները շարունակվում են: Բայց թույլ է այդ պատճառաբանությունը, որ կուսակցական համակարգի ոչ այնքան կայացած լինելը կարող է խոչընդոտել, որ խորհրդարանական մոդելը աշխատի»:

Հարցին, թե ինչու Նախագահը չէր հրավիրել «Հայ ազգային կոնգրեսին» և արդյո՞ք ՀՀԿ-ի ճնշման ներքո չէր, որ ԲՀԿ-ն այս հարցի շուրջ փոխեց իր նախկին կարծիքը, «Հանրապետական» խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ ՀԱԿ-ը միշտ էլ հայտարարել է, որ իրենք իշխանության հետ քննարկելու հարց չունեն:

«Բայց Կոնգրես ասելով դուք ո՞ւմ եք հասկանում: «Կոնգրես» խմբակցությունում բոլորը տարբեր կարծիքի են, մենք ո՞ւմ ուղարկեինք հրավեր՝ առանձին Փաշինյանի՞ն, Բագրատյանի՞ն, թե՞ Զուրաբյանին: Մենք սպասում ենք, որ իրենք նախաձեռնեն, ցանկություն հայտնեն, Նախագահն էլ կմտածի: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, նրանք ի սկզբանե խնդիր ունեին, քանի որ մարդիկ դեմ էին ընդդիմություն լինելուն, դրա համար դարձան այլընտրանք: Դրանից հետո հայտարարվեց, որ պետք է գնան ընտրությունների, որովհետև ունեն թեկնածու ու մոդելի փոփոխություն չեն ուզում: Երբ նախկին առաջնորդը հասկացավ, որ անելիք չունի ու հեռացավ, իրենք էլ հասկացան, որ կառավարման մոդելի փոփոխություն է պետք»,-ասաց նա:

Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ երկու մոդելներն էլ կդրվեն խորհրդարանում քվեարկության, որ մոդելին իր ձայնը կտա մեծամասնությունը, դա էլ կընդունվի: