Կապանում բրուցելոզով հիվանդ 15 անձանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության


12:20 , 17 մարտ, 2015

Lurer.com-ը գրում է.

Կապանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում շարունակվում է բրուցելոզով հիվանդ 15 անձանց բուժումը (ընդամենը հայտնաբերվել է 17 հիվանդ, որոնցից 2-ը դուրս են գրվել): Բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Նրանց բուժումը կազմակերպվում է պետական պատվերի շրջանակում, հիվանդներն ապահովվում են անհրաժեշտ դեղորայքով և ունեն առողջացման դրական տեղաշարժ:

ՀՀ առողջապահության նախարարությունը 2015 թվականի մարտի 5-ին է տեղեկատվություն ստացել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի 6 բնակիչներ բրուցելոզ հիվանդությանը բնորոշ ախտանշաններով դիմել են բժշկական օգնության: Վերջիններիս ախտորոշումը հաստատվել է նաև լաբորատոր հետազոտությունների արդյունքում: Նույն օրը տեղում իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ դեպքերը կապված են մասնագիտական գործունեության հետ: Նոր հիվանդներ հայտնաբերելու նպատակով Առողջապահության նախարարությունը մարտի 6-ից ընդլայնել է համաճար ակաբանական և լաբորատոր հետազոտությունների շրջանակները, ինչի արդյունքում ևս 11 անձանց մոտ լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է բրուցելոզ հիվանդությունը:

Դեռևս 2015 թվականի մարտի 6-ին ՀՀ առողջապահության նախարարությունը դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը:

Նոր հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով շարունակվում են հակահամաճարակային և կանխարգելիչ բոլոր միջոցառումները, մասնավորապես, շարունակվում են անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունները, բժշկական հսկողություն է սահմանվել հիվանդների տնային օջախների նկատմամբ, համագործակցված աշխատանքներ են իրականացվում ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ, իրականացվում է առողջ ապրելակերպի քարոզչություն և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում:

Աշխատանքները շարունակվում են։