23:20 , 16 մարտ, 2015
Tert.am-ը գրում է.
ՌԴ-ում ԵԿՄ-ի երիտասարդական թևի ղեկավար և հեռուստահաղորդավարուհի Նաիրա Նիազյանը, իրավաբան և մի շարք հասարակական կազմակերպությունների անդամ Թովմաս Ոսկանյանը իրականացնում են «Նոր սերունդ» խորագրով նախագիծը: Tert.am-ի հետ զրույցում Նաիրա Նիազյանը նշեց, որ ապրիլի 12-ին Մոսկվայում տեղի կունենա «Նոր սերունդ» փրոդաքշնի գալա համերգը՝ Հայաստանի սահմանամերձ գյուղերին օգնություն ցուցաբերելու նպատակով:
«Շուրջ հինգ տարի ապրելով Հայաստանից դուրս՝շարունակում եմ հետևել հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին: «Նոր սերունդի» մտահաղացումը ծնվել է երկու տարի առաջ`հաղորդաշարի տեսքով, որի նպատակն էր` երկխոսություն ծավալել մեր մշակույթի, քաղաքական ու հասարակական ավագ և երիտասարդ գուրծիչների միջև»,-ասաց նա և նշեց, որ ցանկանում էին հասկանալ, թե որքանով է դրսում ապրող երիտասարդ սերունդը հավատարիմ իր մշակութային արժեքներին:
Նաիրա Նիազյանը նշեց, որ բացի այդ` Հայաստանից ստացել են մի տեսանյութ, որտեղ ներկայացվում էր Նոյեմբերյանի շրջանի Բաղանիս գյուղը և գյուղապետ Նարեկ Սահակյանը, ում հետ միասին ԵՊՀ-ում են ուսանել, պատմում էր, որ գյուղը նյութական օգնության կարիք է զգում: «Այդ սյուժեն շատ հուզեց ինձ: Մենք ապրում ենք դրսում՝«ապահով», իսկ նրանք , որ կարող էին հեռանալ,այսօր հաղթահարելով բազում դժվարություններ, շարունակում են մնալ իրենց ծննդավայրում»,-ասաց նա:
Նա նշեց, որ դրանից հետո «Նոր սերունդ» երկխոսությունը մեկ այլ ուղղություն ստացավ՝ նպատակ ունենալով ծավալել երկխոսություն երկու երկրների սերունդների միջև՝ հանուն հայրենիքի ծաղկման: «Այդ ժամանակ նամակով դիմեցի Նարեկին՝խնդրելով երկու սահմանամերձ գյուղի բարեկարգման ծրագիր ներկայացնել: Շուտով Բարեկամավան և Բաղանիս գյուղերի նամակ-ծրագրերն ստացա: Հայրենասեր ընկերներիցս Թովմաս Ոսկանյանի հետ բարեգործական համերգի ծրագիր գրեցինք և սկսեցինք գործել: Դիմեցինք մեր ընկերներին, ովքեր ուրախությամբ համաձայնեցին դառնալ մեր գաղափարի աջակիցները»,-ասաց նա և նշեց, որ կայանալիք համերգին իրենց մասնակցությունն են բերելու հայկական և ռուսական էստրադայի հայտնի դեմքեր և դեռևս անհայտ տաղանդավոր հայորդիներ, որոնց լայն հասարակությանը ներկայացնելը ևս փրոդաքշնի առաջնային ծրագրերից է:
«Մեր նախաձեռնությանը միացան նաև ՌԴ վաստակավոր արտիստ Կարեն Ավանեսյանն ու Բուլղարիայի ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովը, ով ցանկություն է հայտնել ներկայանալ «Մարտիկ» երգով: Համերգից ստացված ամբողջ հասույթը տրամադրվելու է Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի Բաղանիս և Բարեկամավան գյուղերին՝ բարեկարգման աշխատանքներ իրականացնելու համար: Բաղանիսում կտեղադրվեն ցերեկային լույսեր, իսկ Բարեկամավանում ճանապարհահատվածի գրունտապատում կկատարվի: