Չեմ ուզում մտածել, որ Տ. Ուրիխանյանի նախաձեռնությունները կարող են հակասել ԲՀԿ-ի քաղաքական գծին.Վ.Բաբայան


22:35 , 16 մարտ, 2015

Tert.am-ը գրում է.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում  որևէ քննարկում չկա, թե ինչ նախաձեռնություններով է հանդես գալիս նույն խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը, սակայն նրան կուսակցության մամուլի խոսնակի դերում փոխարինող Վահան Բաբայանը չի ուզում մտածել, որ դրանք կհակասեն կուսակցության քաղաքական գծին:

Այս մասին Tert.am –ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղարի պարտականությունները ժամանակավորապես կատարող Վահան Բաբայանը:

«Ճիշտն ասած` այս պահին նման քննարկում չի եղել, որ տեղեկացնեմ,թե ինչպես ենք վերաբերում, յուրաքանչյուր պատգամավոր, մեր գործընկեր իրավունք ունի իր դիրքորոշումը  հայտնելու, իր գործունեությունը ծավալելու, ես չեմ ուզում մտածել, որ Տիգրան Ուրիխանյանի նախաձեռնությունները կարող են  հակասել ԲՀԿ-ի քաղաքական գծին, դրա համար այս պահին նման քննարկում չկա»,-ասաց Վահան Բաբայանը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ  նախկին մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանն ստեղծել է«Քաղաքացիական շտաբ» կոչվող ինչ-որ միավոր, որի կարգավիճակի մասին, մասնավորապես՝  դա կուսակցությո՞ւն է, թե՞  հասարակական կազմակերպություն է, նպատակահարմար չի գտնում այս պահին հայտնել։

Վահան Բաբայանը տեղեկացրեց, որ այս շաբաթ կկայանան խմբակցության ղեկավարի և քարտուղարի ընտրություններ: Նա նշեց, որ խմբակցության ղեկավարի պաշտոնում կառաջադրվի կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը, քարտուղարի հետ կապված դեռ քննարկումների մեջ են:

Հիշեցնենք, որ նախկինում քարտուղարի պաշտոնում շրջանառվում էր Վահան Բաբայանի անունը, սակայն դատելով խմբակցության ներսում  տիրող տրամադրություններից՝ կլինի այլ թեկնածու։
Նշենք, որ չնայած  նրան, որ  «Բարգավաճ Հայաստանը» լքել են մեկ տասնյակից ավելի պատգամավորներ, սակայն դե յուրե նրանք մնում են խմբակցությունում` «ԱԺ կանոնակարգ» օրենքի պատճառով, որը պարտադրում է, որ կուսակցության համամասնական ցուցակի 3-րդ հորիոզոնականից բարձր հորիզոնականներում գտնվող պատգամավորներիը վայր  դնեն մանդատը անկախ պատգամավոր դառնալու դեպքում: Ի տարբերություն խմբակցությունը լքելուն՝ կուսակցությունը լքելու  մասին ոչինչ նախատեսված  չէ:

ԱԺ պաշտոնական կայքում  որպես ԲՀԿ–ն ներկայացվում է որպես 33 հոգանոց խմբակցություն, որոնց թվում՝ ԲՀԿ-ից հեռացածները՝  բացի  Գրիգորի Մարգարյանից, Մարտուն  Կարապետյանից,  Կարո Կարապետյանից, ովքեր ոչ թե ներկայացված են եղել համամասնական ցուցակում, այլ ընտրվել են  մեծամասնական ընտրակարգով:

Ի պատասխան հարցի, թե արդարացի՞ է համարում  մնացած բոլորի մնալ ԱԺ–ում, Վահան Բաբայանը նկատեց.«Այս հարցը ոչ թե ես պետք է մնեկնաբանեմ, այլ մեկնաբանում է «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքը»: